Արցախում գրեթե մեկ ամիս շարունակվող պատերազմական իրավիճակն անտարբեր չի թողել ոչ ոքի։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտ Մհեր Մկրտչյանը, որն այսօր հաջողակ գործարար է, պատերազմի առաջին օրերից զբաղվում է մարդասիրական օգնության հավաքմամբ։

Երիտասարդի ստեղծած «Թիմ Թայմ», «Վայն թայմ», «Ուսանողի տուն» եւ «Հզոր միտք» կազմակերպությունների անդամներին միացել են նաեւ այլ գաղափարակիցներ, Երեւանի Մանկական այգում (նախկին՝ Կիրովի այգի) առավոտից երեկո Արցախից տարհանված ընտանիքների համար հավաքում են սնունդ, հագուստ, հիգիենայի եւ այլ պարագաներ։ Առանձին տաղավար կա առաջնագծի զինվորների համար՝ պահածոյացված ուտելիք, ծածկոց, տաք գլխարկ, ձեռնոց, լապտեր եւ այլն։

Կամավորների տարիքային միջակայքը մեծ է՝ պատանիներից մինչեւ տարեցներ։ Ակտիվ մասնակցում են նաեւ Արցախից եկածները։ Համագործակցում են բոլոր գերատեսչությունների հետ։

Օրերս արցախցի մանուկների համար «Թիմ թայմը» կազմակերպել էր ֆիլմի դիտում։ «Ներկա էին մոտ 16 երեխա, բոլորը սրտատրոփ սպասում էին միջոցառմանը։ Մինչ ֆիլմի սկսվելը զրուցեցինք ու ծանոթացանք միմյանց հետ, ֆիլմից հետո կազմակերպեցինք խաղեր, ինչն ավելի մտերմացրեց բոլորիս: Մեծամասամբ համեստ, զուսպ, խելացի երեխաներ էին։ Ամբողջ ընթացքում նրանց հետեւում էր մանկական հոգեբանը»,-մանրամասնում է Մհերը։

Լինելով ճգնաժամային կառարման մասնագետ եւ կարեւորելով անվտանգությունը՝ Մհերը նախաձեռնել էր նաեւ առաջին օգնության բաց դասընթաց, որի ժամանակ քննարկվել էին արյունահոսության եւ կոտրվածքների դեպքում կատարվող գործողությունները։ Մասնակիցները հիմնականում կանայք եւ աղջիկներ էին։

Արցախցիների համար նախատեսված հանդիպումները լինելու են շարունակական։ Շուտով երեխաները հնարավորություն կունենան նաեւ մասնակցել հեքիաթաթերապիայի։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Մհեր Մկրտչյանը