Արցախի տարբեր շրջաններից վերջին օրերին տարհանված ընտանիքներին օգնության ձեռք է մեկնել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը:

Արցախցի երեխաների առօրյան լցնելու համար շաբաթական հինգ օր կազմակերպվում են նկարչության, պարի, արտ-թերապիայի անվճար դասեր:

Մշակույթի կենտրոնի տնօրեն Քնարիկ Զաքարյանի խոսքով՝ թեեւ մեկ շաբաթ է՝ նախաձեռնությունը կա, խումբը դեռ համալրվում է: Սահմանին զինվոր ունեցող եւ տունը կորցրած ծնողի համար, որն ամեն պահի լուրի է սպասում, մեծ օգնություն է, երբ իր երեխան թեկուզ երկու ժամ կտրվում է լարված առօրյայից:

«Ծնողներից ոմանք վախեցած են, անընդհատ ուզում են՝ երեխան իրենց կողքին լինի, մյուսները փոքր-ինչ առանձնանալու կարիք ունեն։ Այս ամենը տեսնելով՝ արտակարգ իրավիճակների նախարարության հոգեբանների հետ համագործակցություն ենք սկսել։ Դասերի շրջանակում կլինեն նաեւ հոգեբանական զրույցներ»,- տեղեկացրեցին մշակույթի տան մասնագետները:

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը՝ ՃԿՊԱ մշակույթի կենտրոնն առայժմ աշխատում է միայն արցախցի փոքրիկների հետ՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր պայմանները։

ՃԿՊԱ մշակույթի կենտրոնի հասցեն.

Երեւան, Գլինկայի 13, հեռախոս՝ 010 55 11 87, 091 55 87 11: