Արցախա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերի այս շրջանում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հոգեբանության եւ աղետների հոգեբանության դասախոս Անահիտ Մատինյանը սկսել է ուսանողների հոգեբանական աջակցության դասընթացներ։ Դասընթացն իրականացվում է առկա ուսուցման բոլոր կուրսերում՝ դասերի ժամանակ եւ արտաժամյա։

«Հայտնի է, որ հոգեբանական ճգնաժամն առաջանում է արտակարգ իրավիճակի ավարտից հետո։ Այս պահին ուրախալի, հաղթանակի լուրերին հաջորդում է բացասականը, ինչը բերում է հույզերի բարձր ֆոնի, եւ հնարավոր չէ ճիշտ վերլուծության ենթարկել մարդու վիճակը։ Ուսանողների հետ խոսում ենք առաջին հոգեբական աջակցությունից, սթրեսների կառավարումից ու հաղթահարումից։ Իսկ նրանց հետ, ովքեր կոնկրետ վիշտ ունեն՝ կապված ընկերոջ կամ հարազատի հետ, աշխատում եմ առանձին։ Գործընթացը կլինի շարունակական»,- մանրամասնում է դասախոսը։

Դասընթացներն անցկացվում են ինտերակտիվ, յուրաքանչյուրն արտահայտում է ռազմական դրության հետ կապված իր հույզերը եւ սովորում ինքն իրեն տիրապետել եւ օգնել դիմացին։ Անահիտ Մատինյանի խոսքով՝ չափազանց կարեւոր է, որ մարդ ինքն իրեն կառավարի, ունենա որոշակի գիտելիք եւ հմտություններ, ապա օգնի ուրիշին։ Հակառակ դեպքում նա կարող է վնասել։ Դասընթացները կտան տեսական եւ գործնական հմտություններ, թե ինչպես աղետի մասին խոսել երեխաների, ընտանիքի անդամների եւ շրջապատի անծանոթ մարդկանց հետ։

Հոգեբանը նշում է՝ ակադեմիայի շատ ուսանողներ այսօր կամավոր ընդգրկվում են տարբեր հասարակական աշխատանքների, օգնություն ցուցաբերում տարհանվածներին։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արամ ԶԱՔԱՐՅԱՆԻ