10-րդ օրն է՝ հայ-ադրբեջանական սահմանին լարված մարտեր են։ Հարյուրավորների հետ հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տվեցին նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանողներ Էրիկ Սահակյանն ու Տիգրանը Սիմոնյանը։

Էրիկը Արմավիրի մարզի Փարաքար գյուղից էր, սովորում էր «Ճգնաժամային կառավարում» մասնագիտությամբ։ Բանակ էր զորակոչվել 2019 թվականին։ Փարաքարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արեւիկ Հովնանյանի խոսքով՝ երիտասարդը միշտ աչքի է ընկել բարձր կարգապահությամբ, օգնում էր ընկերներին, փոքրերին, մարդասեր էր, նուրբ հումոր ուներ։ Մասնակցում էր դպրոցում անցկացվող բոլոր հասարակական աշխատանքներին։ «Երբ վերջին զանգին էին պատրաստվում, «Հայրենիք» բաժինն Էրիկին էինք տվել։ Երբեք չեմ մոռանա՝ ինչ հպարտությամբ էր ասում, որ մեր քաջերի հողի վրա թշնամին երբեք ոտք չի դնի»,- վերհիշում է մանկավարժը։

Տիգրանը Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղից էր, քաղաքացիական պաշտպանության մասնագետ պիտի դառնար։ Բանակ էր զորակոչվել 2018 թվականին։ «Մեր դպրոցը սահմանից 800 մետր հեռավորության վրա է։ Երբ ասում ենք գյուղ կամ տուն, անմիջապես դպրոցն ենք հասկանում։ Սա փոքր ընտանիք է, որտեղ մի բռունցք դարձած՝ փորձում ենք իրար պաշտպանել ու առաջ գնալ։ Տիգրանն էլ մյուսների նման ծնվել, մեծացել ու խաղացել է կրակոցների տակ։ Ու այնպիսի մեծ հպարտությամբ է գնացել Արցախ ծառայելու»,- պատմում է գյուղի դպրոցի տնօրեն Նաիրա Պապյանը։

Սահմանամերձ համայնքի դպրոցն առանձնահատուկ է․ աշակերտներն անձամբ են մասնակցել շինարարությանը, իրենց ձեռքով ամբողջ ամառային արձակուրդին փխրեցրել ու հարթեցրել դպրոց տանող երկար արահետը։ Նրանց անձնվեր աշխատանքի վկայությունը երկրորդ հարկի պատերին թողնված մատնահետքերն են, այդ թվում՝ նաեւ Տիգրանինը։ Նաիրա Պապյանի խոսքով՝ Տիգրանը մի առիթով բողոքել էր, թե ինչու դպրոցը հերոսների անկյուն չունի․ «Մեր դպրոցի սիրտն առողջ է եղել․ սահմանամերձ լինելով՝ երբեք վիրավոր ու զոհ չենք ունեցել։ Տիգրանը երեւի զգում էր, որ այդ անկյունը իրենը պիտի լինի։ Նրա մատնահետքերի մոտ կդրվի»։

Ասում են՝ Տիգրանը սիրած աղջիկ ուներ, պատրաստվում էր զորացրվելուց հետո ամուսնանալ։ Հաճախ կատակում էր, որ իր տանկն ընկերուհու պես է սիրում։