Առաջին տարին չէ, որ տեղեկատվական պատերազմները դարձել են առօրյայի անբաժանելի մաս: Վիճակը հատկապես սրվում է ռազմական բախումների ժամանակ: Վիրտուալ իրականության մեջ, առավելապես սոցիալական կայքերում, ինչ ասես չկա՝ հայհոյանքից ու ապատեղեկատվությունից մինչեւ ազգային թշնամանքի քարոզ ու անեծք: Նման կեղծ, վտանգավոր ու վնասակար տեղեկություններից զերծ մնալու, ծուղակ չընկնելու համար ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը «Լուրերի եւ ճիշտ գիտակցված դիտում» թեմայով առ-ցանց սեմինար էր կազմակերպել ՃԿՊԱ ուսանողների համար:

Սոցիալական կայքերն, անշուշտ, գրավիչ են, հասանելի, բազմազան ու նաեւ՝ անհասցե. կեղծ օգտատերերի պակաս չկա: Պետք չէ տրվել սրան: Պետք է ընտրել տեղեկատվական կայքերը, որոնք հասցեական են ու նաեւ պաշտոնական հաղորդագրություններն են տարածում: Սոցիալական կայքերն անտեսել պետք չէ: Այս կայքերում կան բազմաթիվ լրատվական խմբեր, կարելի է բաժանորդագրվել դրանցից մի քանիսին ու սոցիալական կայքի օգնությամբ ծանոթանալ ողջ լրահոսին: Իսկ եթե մեկը շատ է ցանկանում «մասնակցել» տեղեկատվական պատերազմին կարող է սոցիալական կայքերով տարածել թշնամուն հարվածներ հասցնելու եւ պատժելու այն լուրերը, որ ստացվել են մեր պետական կառույցներից: Ի հավելումն, կարելի է «Հաղթելու ենք» տրամաբանության մեջ տեղավորվող նկարներ տարածել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ