18 գավաթ, 17 առաջին մրցանակային տեղ, 4 բրոնզե եւ 4 արծաթե մեդալ։ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանող, 15-ամյա Էլեն Մարգարյանը հասցրել է կիոկուշին կարատե սպորտաձեւում քանիցս բարձրացնել Հայաստանի դրոշն ու աշխարհին ցույց տալ իր տեխնիկան ու բարձր վարպետությունը։

Կարատեով զբաղվում է ինը տարի։ Ասում է՝ այս սպորտաձեւը ոչ միայն պաշտպանվել է սովորեցնում, այլեւ կոփում է թիմի՝ որպես մի ընտանիքի գաղափարը։ Բացի դրանից՝ սովորում ես պարտությունից չընկճվել, քանի որ չես կարող հաղթել՝ առանց պարտվելու։ «Կիոկուշին կարատեում ուժը երկրորդական է, լավ մշակված տեխնիկայով կարող ես գետնին տապալել նույնիսկ քեզնից երկու անգամ ուժեղ մրցակցին։ Կարատեի մյուս տեսակների համեմատ՝ այն աղջկան չի կոպտացնում, թեեւ ռինգում միմյանց հարվածելը թույլատրվում է»,- նշում է պատանի մարզիկը։

Միջազգային հարթակներում հանդես է գալիս Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի կազմում։ Մարզիչներն իր համար լավագույն կուռքերն են, որոնց փորձում է նմանվել, ընդօրինակել։ Այս տարի համավարակի պատճառով չկայացավ «Հայկական Գրան Պրի» ամենամյա միջազգային մրցաշարը, որին միշտ հրավիրվում են այլազգի մարզիկներ։ Նախորդ տարի իր տարիքային խմբում Էլենն առաջատարն էր 10 երկրից եկած մարզիկների շարքում։ Անկեղծանում է՝ այս ամենին հասել է ամենօրյա խիստ գրաֆիկի եւ աշխատասիրության շնորհիվ՝ առավոտյան 6:30 վերկաց, վազք, մարզումներ։ Մեկ քայլ է մնում սեւ գոտի ստանալու համար։ Երազանքն է աշխարհի առաջնության գավաթը ձեռքերում բռնելը։

ՃԿՊԱ ընդունվելու որոշումը կայացրել է ոչ միանգամից։ «Հայրս ոստիկան է, ես էլ էի ուզում ոստիկանական ակադեմիա դիմել։ Երբ 9-րդ դասարանում գրանցվեցի դպրոցի պատանի փրկարարական խմբակում, եւ երկրաշարժի թեմայով միջոցառման ժամանակ ինձ հանձնարարվեց բարձրությունից պարանով իջնել-բարձրանալ՝ ինձ շատ դուր եկավ։ Ակադեմիայում թե՛ նոր ընկերներս են լավը, թե՛ մթնոլորտը»,- ասում է ճգնաժամային կառավարման ապագա մասնագետը։

Խոսելով ինքնապաշտպանական գիտելիքի եւ մարդու կյանքում սպորտի կարեւորությունից՝ մարզիկը վստահեցնում է՝ ցանկացած տարիքում կարելի է կիոկուշին կարատեով զբաղվել․ եթե ոչ պրոֆեսիոնալ, ապա սիրողական մակարդակի հմտություններով էլ հնարավոր է արտակարգ իրավիճակից ելք գտնել։

Էլենի հետաքրքրություններն այսքանով չեն սահմանափակվում՝ գեղանկարչություն, հրաձգություն, ֆուտբոլ։ Հատկապես վերջինի համար միշտ ժամանակ գտնում է․ բակային խաղերն առանց նրա չեն անցնում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Էլեն Մարգարյանը