Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը սահմանեց նոր ռեկորդ՝ 4,5 տոննա կշռող մեքենան տեղաշարժելով 3 մետր՝ ձեռքերի վրա քայլելով, ճոպանն ատամներով բռնած։ Իր արդյունքով նա երեք անգամ գերազանցեց տարիներ առաջ ադրբեջանցի մարզիկի սահմանած Գինեսի ռեկորդը։

Յուրիի եղբայրը՝ 18-ամյա Արթուր Սաքունցը, բարելավվեց սեպտեմբերի 2-ին Արցախում իր իսկ սահմանած ռեկորդը․ նա, ատամներով ճոպանը բռնած, 10 մետր տեղաշարժեց 13,1 տոննա ընդհանուր կշռով երկու մեքենա։ Արդյունքները տեսագրվել են եւ կուղարկվեն Գինեսի գրքի հանձնաժողով, այլ միջազգային սպորտային ասոցիացիաներ։ «Այս նախաձեռնությամբ ցանկանում էինք, որ հեռուստացույցի էկրանից այն կողմ նստած մեր հայրենակիցները մի պահ կտրվեն հոգսերից, հպարտության զգացում ունենան։ Աշխարհի 252 երկրից երկուսը մենք ենք՝ Հայաստանն ու Արցախը։ Որպես մարզիկներ՝ մենք ջանք, եռանդ ու առողջություն չենք խնայում մեր պետությունները ներկայացնելու համար։ Օրերս Միջազգային սպորտի ռեգիստրից ստացել ենք նախադեպը չունեցող երկու վկայական, որոնցում նշվում է, որ ռեկորդները սահմանվել են Արցախի Հանրապետությունում»,- նշեց Յուրին։

Միջոցառման կազմակերպչական ամբողջ պատասխանատվությունը ստանձնել էր անձամբ ՃԿՊԱ ուսանողը։ Լիահույս է, որ այսուհետ սպորտային կառույցներն ավելի մեծ հետաքրքրություն ու աջակցություն կցուցաբերեն։

Հանդիպման ավարտին «Ֆիդայիներ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Սեյրան Չիլինգարյանը եղբայրներին պարգեւատրեց «Աղբյուր Սերոբ» եւ «Գեւորգ Չաուշ» մեդալներով։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ հեղինակի