Բեռլինի Ազատ համալսարանի հետազոտական խումբը՝ տնօրեն դոկտոր-պրոֆեսոր Մարտին Վոսսի գլխավորությամբ, Գերմանիայի գիտության եւ կրթության նախարարությունից դրամաշնորհ է ստացել Հայաստանում եւ Գերմանիայում, հանրային առողջության ոլորտում, գործընկերների միջեւ գիտելիքի եւ նորարարությունների փոխանակման, աղետների ռիսկի կառավարման եւ աղետների սոցիոլոգիայի համակարգային հետազոտությունների խթանման ծրագիր իրականացնելու նպատակով: Ողջը՝ Covid-19 համավարակի լույսի ներքո: Գերմանական կողմը համագործակցության է հրավիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային: Սեպտեմբերի 16-ին կայացավ ծրագրի մասնակիցների առաջին առցանց աշխատաժողովը, որին հայկական կողմից մասնակցում էին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գիտահետազոտական կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցը, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի ազգային համակարգող Արմինե Հայրապետյանը, Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակի աղետների ռիսկի նվազեցման ծրագրերի համակարգող Արմեն Չիլինգարյանը, այլ փորձագետներ:

Գերմանական կողմը ներկայացրել է Covid-19 համավարակի դեմ պայքարի սեփական փորձը. մեկտեղել առողջապահական բոլոր հաստատությունների ջանքերը՝ անկախ այդ կառույցների հագեցվածության աստիճանից, մարդկային եւ տեխնիկական ռեսուրսներով ապահովվածության մակարդակից, կազմակերպել այն հիվանդների հեռավար կոնսուլտացիաներ, որոնք մեկուսացած են ոչ բուժհաստատություններում, վարակի ծավալների նվազման օրերին այնպես պահեստավորել սարքերը (օրինակ թոքերի օդափոխության համակարգերը), որ անհրաժեշտության դեպքում դրանք շատ արագ հասնեն բուժհաստատություններ եւ այլն:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը տեղեկացրել է, որ ակադեմիան մշտապես իրականացնում է տարբեր մասնագետների վերապատրաստման ծրագրեր: Թեմաների համալրումն ու հարստացումը դրական արդյունքի կբերի:

Հայ-գերմանական այս ծրագրով իրականացվելիք հետազոտությունների թեմաները կառաջարկի ՃԿՊԱ-ն, Բեռլինի Ազատ համալսարանը սահմանել է ոլորտները. համավարակի վերահսկման քարտեզագրում ռիսկերի կառավարման նպատակով, բժշկական նորարարությունների օգտագործումը Հայաստանում եւ Գերմանիայում, առողջապահության եւ բնակչության պաշտպանության ոլորտում կարողությունների, թերությունների եւ բացերի գնահատում, սոցիալապես խոցելի խմբերի կարիքների գնահատում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ