Ինչպես բազմաթիվ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում եւս, երկրորդ կուրսերի ուսանողների առաջին կիսամյակի դասերը սկսվելու են սեպտեմբերի 15-ից: ՃԿՊԱ ռեկտորատի նիստում քննարկվում էր 2020-2021 ուսումնական տարվա ուսումնական գործընթացը անվտանգ կազմակերպելու հարցը:

ՃԿՊԱ շենքի բոլոր հարկերի միջացքներում արդեն տեղադրված են ախտահանիչ նյութեր եւ հատուկ դիմակների համար կափարիչով աղբամաններ: Բազմամարդ խմբերը կբաժանվեն 2-3 մասի, ինչը թույլ կտա լսարաններում ուսանողների միջեւ սոցիալական տարածություն պահել, ուսանողները տեղեկացված են եւ դասամիջոցին մեկ վայրում չեն խմբվի, ամբիոնների մեթոդիստներն ու կուրսղեկները կշրջեն լսարաններում եւ միջանցքներում՝ սահմանված կարգին հետեւելու նպատակով: Դասերը կկազմակերպվեն միայն մեծ լսարաններում, դահլիճում, անհրաժեշտության դեպքում դասեր կկազմակերպվեն նաեւ ՃԿՊԱ բակում՝ փրկարարական վրանի տակ, ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: ՃԿՊԱ-ում դասերը կանցկացվեն կրճատված տեւողությամբ, պակասը կլրացվի ուսուցման հեռավար համակարգով: Համակարգը ակադեմիայում ներդրվել է կորոնավիրուսի համաճարակից առաջ՝ 2019 թվականի ամռանը:

Այս ամենի արդյունքում ՃԿՊԱ կրթական ծրագիրը կիրականացվի ամբողջությամբ:

Կորոնավիրուսը խափանել է նաեւ ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի ծրագրերը: Այս ամսից ֆակուլտետը կազմակերպում է վերապատրաստման հեռավար դասընթացներ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ