Ետեւում մնաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների ընդունելության քննությունը:

Այս ուսումնական տարում ակադեմիան դիմորդների փաստաթղթերի ընդունելությունն սկսեց հունիսի 1-ից, մագիստրոսի, բակալավրի եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով: Ստացվեց 450 դիմում:

Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդների փաստաթղթերի ընդունելությունն այս տարի առաջին անգամ իրականացվեց առցանց: Անվճար ուսուցմամբ երեք մասնագիտության գծով մրցույթին մասնակցեցին մեծ թվով դիմորդներ: Թափուր տեղեր չմնացին:

Բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ դիմորդներից եղան նաեւ անբավարար գնահատական ստացածներ ու քննությանը չներկայացածներ: Մրցութային շեմը հաղթահարեց 280 դիմորդ: ՃԿՊԱ ուսանող դարձածների 20 %-ը աղջիկներ են: Ակադեմիայի 2019-2020 ուսումնական տարվա միջին մասնագիտական կրթական ծրագրի շրջանավարտների շուրջ 65%-ը ուսումը կշարունակի բակալավրի կրթական ծրագրում, իսկ բակալավրի կրթական ծրագրի 15%-ը՝ մագիստրոսի կրթական ծրագրում:

Հայաս­տանի հանրապետության կառավարության «Հայաս­տանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2020/2021 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ վճարովի, առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին» 2020 թվականի մայիսի 21-ի N 797-Ն որոշմամբ, ակադեմիային հատկացվել է 60 անվճար տեղ բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման «Հրդեհային պաշտպանություն» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությունների գծով, որից հինգ՝ Արցախի հանրապետությանը:

Մինչեւ սեպտեմբերի 11-ը փաստաթղթերի ընդունելությունը շարունակվում է ինչպես մագիստրատուրայում այնպես էլ ասպիրանտուրայում: 2020-2021 ուսումնական տարվանից մագիստրոսի կրթական ծրագրով ուսման տեւողությունը երկու տարի է: 

 Ուզում եմ նոր ուսումնական տարվա առթիվ ջերմորեն շնորհավորել ակադեմիայի ուսանողական եւ պրոֆեսորադասախոսական կազմին՝ ցանկանալ արդյունավետ գործունեություն ու նորանոր ձեռքբերումներ:

 

Հայկադուխտ ՂԱՐԻԲՅԱՆ

ՃԿՊԱ գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու