Լույս է տեսել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը: Գիրքն առաջին անգամ լույս էր տեսել 2012 թվականին:

Ըստ հեղինակի, առաջին հրատարակությունից հետո շատ փոփոխություններ եւ զարգացումներ են եղել, որոնք էլ արտացոլված են նոր գրքում: Վերնագիրը չի փոխվել միտումնավոր եւ այն գիտակցությամբ, որ երեւա գիտության «Ճգնաժամային կառավարում» ուղղության զարգացումը, ձեւավորումն ու կայացումը: Գրքի նպատակներից մեկն էլ ճգնաժամային կառավարում ուղղությունը առանձին գիտություն դարձնելուն նպաստելն է:

Համլետ Մաթեւոսյանը հատուկ ընդգծում է ճգնաժամային եւ հակաճգնաժամային կառավարում ձեւակերպումների տարբերությունը: Հակաճգնաժամային կառավարումը տնտեսության մեջ է, կարող է վերաբերել ձեռնարկությանը, բայց ոչ՝ պետությանը: Հակաճգնաժամային կառավարման բաղադրիչ է այն օրենսդրական դաշտը, որը հնարավորություն է տալիս լուծարել ճգնաժամում հայտնված ձեռնարկությունը, որ պարտք ու պահանջ չլինի: Բայց պետության մասշտաբով ճգնաժամի՝ աղետի դեպքում, խոսք չի գնում լուծարման մասին, խոսքը բացառապես ճգնաժամը հաղթահարելու մասին է: Այս ամենը ապացուցված է գիտական հետազոտություններով եւ վերլուծություններով:

«Ճգնաժամային կառավարում» մենագրության երկրորդ հրատարակությամբ խորացվում են առարկայի գիտական հիմքերը: Աղետի, արտակարգ իրավիճակի, ճգնաժամի ժամանակ օպերատիվ աշխատանքներով զբաղվողը չպետք է մտածի, թե ամենակարեւորը իր աշխատանքն է, աղետների կանխմամբ ու կանխարգելմամբ զբաղվողը չպետք է մտածի, թե ամենակարեւորը իր աշխատանքն է: Ճգնաժամային կառավարումը աղետից առաջ, ընթացքում, հետո այս երկուսի ճիշտ համադրումն է:

«Ճգնաժամային կառավարում» մենագրության լրացված, բարեփոխված տարբերակը օգտակար կլինի ինչպես ՃԿՊԱ դասախոսներին եւ ուսանողներին, այնպես էլ քաղաքացիական պաշտպանության եւ բնակչության պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետներին:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ