Սեպտեմբերի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան իր հարկի տակ ընդունեց առաջինկուրսեցիներին:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, շնորհավորելով ուսանողներին, խոսեց փրկարարի մասնագիտության կարեւորության մասին. «Դուք ընտրել եք այնպիսի մասնագիտություն, որը հենված է սիրո եւ մարդասիրության վրա: Ակադեմիան գործում է միայն բնակչության շահի համար, ինչը շատ կարեւոր է հատկապես այսօրվա պայմաններում, երբ ամեն րոպե կարող է պատերազմական իրավիճակ առաջանալ եւ պետք է պատրաստ լինել հասնել օգնության: Լինելով գրեթե ռազմականացված կառույց՝ մեր բուհը նաեւ բազմամասնագիտական է. չկա մի գիտություն, որ չառնչվի ձեր ընտրած մասնագիտություններին՝ ֆիզիկա, քիմիա, բնագիտություն, աշխարհագրություն: Անկախ մասնագիտությունից՝ այստեղ բոլորը հրշեջ-փրկարար են: Բուհն ապահովել է ամեն պայման ուսուցման համար, ձեզնից միակ պահանջն է սովորել եւ լինել կարգապահ»:

Համլետ Մաթեւոսյանի խոսքով՝ փրկարարի աշխատանքի հիմքը լավ թիմային աշխատանքն է, որը սկսվում է հենց լսարանից: Ցանկացած արտակարգ իրավիճակում, օրինակ՝ ողնաշարի կոտրվածքով տուժածի տեղափոխելիս, ոչ միայն չորսհոգանոց թիմ է պետք, այլեւ գործողությունների համաչափություն, որպեսզի տուժածը չվնասվի: Տարիներ ու մեծ ջանքեր են պահանջվել, որ հրշեջ ծառայությունը վերափոխվի եւ կայանա միասնական հրշեջ-փրկարարական ծառայություն ձեւաչափով:

«Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունն ընտրած ուսանողների հետ հանդիպման ժամանակ Համլետ Մաթեւոսյանը վկայակոչեց Սպիտակի երկրաշարժը, որի ժամանակ հաշված րոպեներում 175 հրդեհի օջախ էր ծագել, եւ հայտնի չէ՝ որքան մարդ է զոհվել հրդեհներից: Տեխնոլոգիաների զարգացման այս շրջանում, երբ զանգվածային հրդեհների համար հրկիզող զենքեր են արտադրվում, առավել քան կարեւոր է բնակչության պաշտպանության հարցը:

Ինչպես եւ նախորդ տարիներին, այս տարի էլ առաջինկուրսեցիների մեջ քիչ չեն աղջիկները: Փրկարար ծառայությունում աղջիկների մասնագիտական հեռանկարների մասին խոսելիս, ռեկտորը շեշտեց, որ փրկարարությունը միայն մկանների աշխատանքը չէ, այլ նաեւ մտքի. «Ամեն ոք կարող է փրկարար դառնալ, քանի որ գործ ունենք քարտեզագրման, ինֆորմացիայի եւ ծրագրերի մշակման հետ: Ի վերջո՝ ապագայում ռոբոտներն են փոխարինելու փրկարարներին, եւ պետք է սովորել ծրագրերով կառավարել ռոբոտներին: Ոչ պակաս կարեւոր է լեզուների իմացությունը, քանի որ ակադեմիան արտասահմանյան բուհերի հետ ունեցած համագործակցության շնորհիվ ուսանողներին ընձեռում է փորձի փոխանակման հնարավորություն»:

18-ամյա Նաիրա Հովհաննիսյանն Արարատի մարզի Երասխ գյուղից է, ընտրել է քաղաքացիական պաշտպանություն մասնագիտությունը: Միշտ սիրել է փրկարարի աշխատանքը, հաճույքով դիտել փրկարարների մասին բոլոր հաղորդումներն ու ֆիլմերը: Ուսանողական կյանքից սպասելիքները շատ են՝ լավ ընկերներ, հետաքրքիր արկածներ:

Հրդեհային պաշտպանության ապագա մասնագետ, 19-ամյա Վանուշ Ասոյանը փրկարարի զավակ է: Տարիներ շարունակ հետեւել է՝ ինչպես է հայրը համազգեստը հագնում եւ շտապում աշխատանքի: Հորից շատ բան է սովորել, ուժեղ բնավորության գծերը ժառանգել: Խոստովանում է՝ այլ մասնագիտությամբ իր կյանքի ուղին երբեք չի պատկերացրել:

19-ամյա Նարե Հարությունյանն Աբովյան քաղաքից է, «Ճգնաժամային կառավարում» բաժին է ընդունվել: Ակադեմիա դիմել է հարազատների խորհրդով: Զուգահեռ սովորում է նաեւ լրագրության ստուդիայում, պատրաստվում է հեղինակային հաղորդաշար ունենալ, խոսել հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին եւ իր օրինակով ապացուցել, որ կյանքի որակն ինքդ ես որոշում: «Եղել են դեպքեր, երբ խտրականության եմ հանդիպել: Հիմնականում փողոցն անցնելիս վարորդներից շատերը ճանապարհ չեն տալիս, եւ երբեք չգիտես՝ ինչ կարող է լինել քեզ հետ: Ինձ մերժել են որոշ գործատուներ, մի մշակութային միջոցառման ժամանակ արժանացել եմ կոպիտ վերաբերմունքի: Սրանք խնդիրներ են, որոնք ես կուզեի բարձրաձայնել: Երազանքներս քիչ-քիչ իրականանում են. ակադեմիայում կստանամ լավ մասնագիտություն, հնարավորինս օգտակար կլինեմ մարդկանց, եւ եթե հաջողվի, աշխատանքի կանցնեմ նաեւ ռադիոյում»,- նշում է Նարեն:

2020-21 ուսումնական տարում ՃԿՊԱ առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրերի բոլոր տեղերը լրացվել են: Միջին մասնագիտական կրթական ծրագրում հատկացվել է 90 անվճար տեղ, որոնք նույնպես լրացվել են: Առաջինից բարձր կուրսերի դասերը կսկսվեն սեպտեմբերի 15-ից: Ակադեմիայում սահմանվել է հսկողություն, պահպանվում են հակահամաճարակային բոլոր կանոնները:

5 մասնագիտության գծով մագիստրատուրայի ընդունելությունը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 11-ը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ