Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում դիպլոմներ ստացան բակալավրի կրթական ծրագրով վեց մասնագիտության գծով ակադեմիան ավարտած շրջանավարտները՝ 175 շրջանավարտ, որից 11-ը՝ գերազանցության: Դիպլոմները հանձնեցին արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը, ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գիտական եւ ուսումնական աշխատանքների գծով պռոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը:

Փրկարար լինելը պատիվ է ու միաժամանակ մեծ բեռ ու պատասխանատվություն, ասաց փոխնախարար Արմեն Հարությունյանը, մարդուն օգնելը, բարի լինելն ու բարություն տարածելը ամենապատվավոր կոչումն է, հայտարարեց ռեկտոր Համլետ Մաթեւոսյանը:

Արմեն Հարությունյանը շրջանավարտներին տեղեկացրեց, որ վերջին տարիներին ՃԿՊԱ ավելի ու ավելի շատ շրջանավարտներ են աշխատանքի անցնում ԱԻՆ համակարգի տարբեր ստորաբաժանումներում: Նախապատվությունը տրվում է բարձր արդյունքներ գրանցած շրջանավարտներին: Համլետ Մաթեւոսյանն էլ հավելեց, որ ՃԿՊԱ շրջանավարտները հաջողությամբ աշխատում են ոչ միայն ԱԻՆ-ում, այլ նաեւ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, ոստիկանությունում, պաշտպանության նախարարությունում, մասնավորաբար մեր Զինված ուժերի խաղաղապահ զորքերում:

Աշխատանքի անցնելուց հետո էլ շարունակեք սովորել եւ հարստացնել ձեր գիտելիքները, պատգամեց ՃԿՊԱ ռեկտորը: Արդեն ձեւավորված ավանդույթ է. ՃԿՊԱ բակալավրիատն  ավարտածների կեսից ավելին ուսումը շարունակում է բուհի մագիստրատուրայում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Հ.Գ. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում շարունակվում է 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունը: Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ