2019 թվականի դեկտեմբերի 9-12-ը ակադեմիայում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների խումբը՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գնահատում իրականացնելու համար: Փորձագետները որոշ թերություններ էին նշել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհուրդը մայիսի 14-ին հաստատեց թերությունների վերացման քառամյա պլանը:

Չորս տարվա համար սահմանված է ավելի քան 60 քայլ` 10 ուղղությամբ. «Առաքելություն եւ նպատակներ», «Կառավարում ու վարչարարություն», «Մասնագիտության կրթական ծրագրեր», «Ուսանողներ», «Պրոֆեսորադասախոսական եւ ուսումնաօժանդակ կազմ», «Հետազոտություն եւ զարգացում», «Ենթակառուցվածք եւ ռեսուրսներ», «Հասարակական պատասխանատվություն», «Արտաքին կապեր եւ միջազգայնացում», «Որակի ներքին ապահովման համակարգ»:

Ամեն քայլի համար հստակեցված են ֆինանսավորման անհրաժեշտությունը, արդյունքների ստուգման ժամկետները, գնահատման պատասխանատու ստորաբաժանումը եւ այլն: Օրինակ. ակադեմիայի կառավարման համակարգի եւ դրանում գործարկվող ռեսուրսների արդյունավետության գնահատման գործիքակազմի ներդրման համար ֆինանսական լրացուցիչ միջոցների կարիք չկա, պատասխանատուն ՃԿՊԱ ռեկտորն է, իսկ ռազմավարական ծրագրին համապատասխան ներքին հաշվետվողականության համակարգի ներդրման պատասխանատուները պրոռեկտորներ են, ֆինանսական լրացուցիչ միջոցների կարիք չկա: Ակադեմիայի գործունեության հիմնական ցուցանիշների վրա ազդող արտաքին գործոնների բացահայտման պատասխանատուն ՃԿՊԱ որակի ապահովման  կենտրոնն է, լրացուցիչ ֆինանսավորման կարիք չկա: Կրթական ծրագրերի մշակման եւ բարելավման  գործընթացներում ներգրավված ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի, արտաքին շահակիցների թվի աճի պատասխանատուն ամբիոններն են: Միջազգային բարձրագույն կրթական տարածքի միջբուհական համագործակցության, շարժունության, գիտահետազոտական ծրագրերի, արտերկրում կազմակերպվող գիտաժողովներին, կլոր սեղաններին, սեմինարներին, վերապատրաստման դասընթացներին եւ այլ ծրագրերի մասնակցության ապահովման համար ակադեմիան միջոցներ կտրամադրի սեփական բյուջեից եւ կմասնակցի դրամաշնորհային ծրագրերի: Այս հարցում պատասխանատուն ՃԿՊԱ գիտահետազոտական կենտրոնն է:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ