Թեեւ համավարակի պատճառով մեր երկրում երեք ամիս առաջ չեղարկվեցին բոլոր կրթական եւ սպորտային միջոցառումները, սակայն մեր մարզիկները չեն դադարում պարապել նույնիսկ արտակարգ պայմաններում։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Յուրի Սաքունցը վերջին օրերին սահմանել է երկու համաշխարհային ռեկորդ։ Նա 1 կիլոգրամով գերազանցել է ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Վիկտոր Բլուդի արդյունքը՝ ձգում վարժությամբ բարձրացնելով 100 կգ կշռող ծանրաձողը՝ միաժամանակ ուսերին պահելով 81 կգ քաշ ունեցող տղամարդու։ Երկրորդ ռեկորդի համար Յուրին օգտագործել է ատամները՝ ճոպանով 2,5 մետր տեղաշարժելով 21 տոննա կշռող գնացքը եւ ուսերին պահելով 70 կգ քաշ ունեցող եղբորը։ 

Հերթական ռեկորդները Յուրին չի պատրաստվում պաշտոնապես գրանցել։ Կարեւորն այն է, որ կարողանում է պահպանել լավ մարզավիճակը։ Խոստովանում է՝ կորոնավիրուսը թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես ազդել է մարզիկների վրա։ Արտակարգ դրության առաջին շաբաթներին, երբ բոլորը փակվել էին տներում, միտք առաջացավ միմյանց մոտիվացնելու համար ֆեյսբուքյան հարթակում մարզական վիդեո մարտահրավեր սկսել։ Յուրաքանչյուրը ցուցադրում էր, թե ինչպես է անցնում իր մեկուսացված առօրյան եւ դիտորդների հետ կիսում իր հմտությունները։ Այս ամենն օգնեց վախի մթնոլորտը հաղթահարել եւ նախկին կյանքին վերադառնալ։

Ամեն առավոտ Յուրին սկսում է վազքից, պարապում տնամերձ այգու մարզահրապարակում եւ Չարենցավանի բնության գրկում։ Ասում է՝ իսկական մարզիկին ոչինչ չպետք է կանգնեցնի՝ պանդեմիան, հոգեկան վիճակը, գրպանի պարունակությունը կամ մարզասրահների փակ լինելը։ Միայն ցանկություն է պետք։ «Վստահ եմ, որ բոլոր թաղամասերում կան զուգափայտեր եւ պտտաձողեր։ Քանի նման հնարավորություն ունենք, հորդորում եմ բոլորին օրական 30 րոպե ծախսել իրենց առողջության վրա»,- ասում է Յուրին։

Երիտասարդը նաեւ հայրենասիրական կրթության ակտիվ ջատագով է։ Որպես Հայաստանի փաուերլիֆթինգի ֆեդերացիայի անդամ՝ նա վերջերս միացել է նաեւ «Կամուրջ-88» նախագծին, որի նպատակն է պահպանել սփյուռքահայ մանուկների եւ հայրենիքի կապը հեռավար դասընթացների, սպորտային, մշակութային եւ ռազմահայրենասիրական ծրագրերի միջոցով։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարը տրամադրել է Յուրի ՍԱՔՈՒՆՑԸ