ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հրատարակել է «Մեկ կամ մի քանի մասնագիտական դասընթացների եւ «Կիրառական երկրատեղեկատվական համակարգեր» դասընթացի տեսական ու գործնական պարապմունքների զուգակցմամբ ամենատարբեր իրավիճակային խնդիրների համատեղ լուծում» ուսումնամեթոդական ձեռնարկը: Հեղինակներն են ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանը, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկան, աշխարհագրական գիտությունների թեկնածու Գրիշա Գսպոյանը:

Ձեռնարկի հիմնական նպատակն ուսուցման բարձր որակի ապահովումն է՝ ուսանողներին անհրաժեշտ գիտելիքների, կարողությունների եւ հմտությունների ձեւավորման համար՝ դասավանդման առաջադիմական մեթոդների կիրառման ճանապարհով: Նպատակն ունի մի քանի բաղադրիչ, որոնցից հատկապես կարեւորվում են դասավանդման եւ գործնական պարապմունքների անցկացման մեթոդները, այդ գործընթացներում միջառարկայական կապերի հաստատումն ու ուսումնական պլաններում ներառումը, գործնական եւ լաբորատոր պարապմունքներին ուսանողներին հնարավորինս նորագույն տեխնիկական միջոցներով ապահովումը, ուսանողների ստեղծած կամ մշակած նոր տեղեկատվության տրամադրումը բուհի գիտական հետազոտությունների կենտրոնին:

Ձեռնարկում ներկայացված են մի շարք խնդիրներ: Օրինակ. ուսումնասիրել քաղաքացիական պաշտպանության համակարգի կառավարման մարմիններն, ըստ հիերարխիկ մակարդակների եւ քարտեզագրել համապատասխան կառավարման կետերը, կառավարման մարմինների ուժերը, միջոցները, առաջադրված տարածքներում ազդարարման համակարգերի առկայությունը, հնարավոր հարձակման դեպքում երկրորդային վտանգները: Կամ՝ նկարագրել Կապան, Գորիս, Արտաշատ, Իջեւան համայնքներում իրավիճակների հավանական սցենարները, քարտեզագրել ստեղծված իրավիճակներն այդ քաղաքներում: Քարտեզագրել Երեւան քաղաքում օդային ռմբակոծությունից ստեղծված իրավիճակը, ՔՊ միջոցառումների համար նախատեսված ուժերն ու միջոցները: Նկարագրել Ճարտար, Սիսիան, Արենի, Զառիթափ համայնքների հնարավոր ռմբակոծման հետեւանքով հավանական իրավիճակները եւ քարտեզագրել: Քարտեզագրել այդ համայնքներում բնակչության պատսպարման եւ տարհանման հնարավոր գործընթացները:

Խնդրի լուծման համար ուսանողներն օգտվում են տրամադրված քարտեզներից ու քարտեզների շերտերից: Անհրաժեշտ քարտեզների շերտի բացակայության դեպքում ուսանողը դասախոսի օգնությամբ եւ ակադեմիայի անօդաչու թռչող սարքի օգտագործմամբ, նոր քարտեզ է ձեւավորում:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ