Մայիսի 14-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական խորհրդի հերթական նիստը: Գիտխորհրդի մի շարք անդամներ նիստին մասնակցում էին տեսակապի միջոցով:

Գիտխորհուրդը հաստատեց ակադեմիայի ղեկավարության առաջարկը՝ ՃԿՊԱ ամփոփիչ ատեստավորման քննություններն անցկացնել դահլիճում եւ բակում՝ ծածկերի տակ:

ՃԿՊԱ գիտխորհուրդը տպագրության երաշխավորեց երկու գիրք. ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի «Ճգնաժամային կառավարում» մենագրությունն ու ակադեմիայի դասախոս Արայիկ Գասպարյանի «Քաղաքացիական  պաշտպանության  մարտավարական պատրաստություն»  դասընթացի գործնական  աշխատանքներ ուսումնական ձեռնարկը:
«Ճգնաժամային կառավարում» մենագրությունը 2012 թվականին հրատարակված համանուն մենագրության թարմացված բարեփոխված, հարստացած տարբերակն է: Ակադեմիան մտադիր է հրաժարվել ուսանողներին ռեֆերատներ եւ կուրսային աշխատանքներ հանձնարարելու գործելաոճից, փոխարենը հանձնարարել մարտավարական խնդիրների լուծման ինքնուրույն աշխատանքներ: Այս հարցում մեծապես կօգնի «Քաղաքացիական  պաշտպանության  մարտավարական պատրաստություն»  դասընթացի գործնական  աշխատանքներ ուսումնական ձեռնարկը:

ՃԿՊԱ-ն մտադիր էր այս տարվա ապրիլին անցկացնել «Աղետների հոգեբանություն» խորագրով միջազզգային գիտաժողով, սակայն կորոնավիրուսի տարածումը խափանեց ծրագրերը: Բայց գիտական նյութեր ուղարկվել են եւ ՃԿՊԱ գիտխորհուրդը որոշեց դրանք հրատարակել: Գրքում ներկայացված կլինի 51 հեղինակի 32 աշխատանք, որից 7-ը՝ արտասահմանից (Ճապոնիա, Կոլումբիա, Ռուսաստան):

2019 թվականի դեկտեմբերի 9-12-ը ակադեմիայում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների խումբը՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գնահատում իրականացնելու համար: Փորձագետները որոշ թերություններ էին նշել: Ակադեմիայի գիտխորհուրդն այսօր հաստատեց թերությունների վերացման քառամյա պլանը:

Անցած տարեվերջից թափուր է ՃԿՊԱ բնական գիտությունների ամբիոնի վարիչի պաշտոնը: Այսօր ակադեմիայի գիտխորհուրդը նշված ամբիոնի վարիչ ընտրեց, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սաֆարյանին:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ