ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, «Գեոռիսկ գիտահետազոտական ընկերությունը» եւ «Լեռնային տարածքների կայուն զարգացման կովկասյան ցանցը» («Կայուն Կովկաս») համագործակցության հուշագիր են ստորագրել մեկ տարի առաջ՝ 2019 թվականի ապրիլին՝ «Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականության կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակում։

Հուշագրի նպատակներն են. վտանգների քարտեզագրման ուսումնական փաթեթի՝ մոդուլի ստեղծում, աղետների ռիսկի կառավարման եւ վտանգների քարտեզագրման միջազգային փորձի եւ ազգային կարողությունների ուսումնասիրություն, ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում եւ այլն:

Այսօր ՃԿՊԱ էին այցելել նշված կազմակերպությունների ներկայացուցիչները հեռավար ուսուցման մոդուլ առաջարկելու։ ՃԿՊԱ գիտական հետազոտությունների կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցի խոսքով, առաջարկվող նյութը մշակվել է Շվեյցարիայի Ժնեւ քաղաքի համալսարանում։ Թեման՝ երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)»։ Շվեյցարական կողմը մտադիր է «Հարավային Կովկասում կլիմայի հարմարվողականոթյան կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում ուսումնական այս մոդուլը ներդնել մեր տարածաշրջանի այլ երկրներում եւս։

ՃԿՊԱ ղեկավարությունը հյուրերին ներկայացրեց հեռավար ուսուցման սեփական հնարավորությունը։ Ակադեմիան ունի հեռավար ուսուցման սեփական հարթակ ու դասախոսը կարող է հետեւել ուսանողին հաճախում-մուտքերին համակարգ, տեսնել թե որ տեսանյութը քանի անգամ է դիտվել, տեքստը քանի անգամ է կարդացվել եւ այլն։

Այս բազայի վրա հնարավոր է ներդնել Շվեյցարիայում մշակված մոդելը։ Առաջարկվող ծրագիրն անգլերեն է։ Կողմերը պայմանավորվեցին կազմակերպել թարգմանություն եւ ՃԿՊԱ դասախոսների վերապատրաստում։ Ըստ մեր կարիքների, ծրագիրը կտեղայնացվի։ Օրինակ ավելի շատ ժամեր կհատկացվեն երկրաշարժի վտանգներին, ավելի քիչ՝ սառցադաշտերին։

ՃԿՊԱ-ում մտադիր են «Երկրատարածական տեղեկատվական համակարգ՝ Geographic information system (GIS)» գործիքի կիրառմամբ քարտեզագրում թեմայով դասեր կազմակերպել ոչ միայն բարձրագույն կրթության ոլորտում, այլ նաեւ՝ ՃԿՊԱ-ում վերապատրաստվողների համար՝ պետական գերատեսչությունների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, այլ բուհերի դասախոսներ եւ այլն։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ