Ստեփանավանի «Արտակարգ իրավիճակների արձագանքման եւ հումանիտար աշխատանքների համակարգման» կենտրոնի մասնագետները եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմայի գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանը համատեղ իրականացրել են անտառային հատվածի եւ հանգստի գոտու քարտեզագրում 2D եւ 3D ձւաչափերով, փորձարկել կենտրոնի եւ ՃԿՊԱ անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները վթարային վայրէջքի դեպքում ու որոնողական աշխատանքներում: Այս քարտեզները աշխատում են նաեւ առանց համացանցի (of-line):

Հայկական կարմիր խաչի ընկերության Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի նախագահ, ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ նոր քարտեզները կարող են օգտակար լինել օրինակ բնապահպանական ծրագրերի համար:

Արտավազդ Հովհաննիսյանի խոսքով, անօդաչու թռչող սարքը կառավարվել է Pix4D ծրագրի միջոցով՝ մարդը չի կառավարել: Ծրագրի տվյալների բազայում մուտքագրում ես քեզ հետաքրքրող տարածքի կոորդինատները՝ դրոնը գնում, նկարում, գալիս է: Ստեփանավանում քարտեզագրման համար ընտրվել է անտառի երկու հեկտար մակերեսով մի հատված: Ուսումնական-փորձնական վարժանքը օգտակար է եղել: Շատ խնդիրներ են բացահայտվել. օրինակ, միշտ հիշել, որ Հայաստանը լեռնային երկիր է ու պետք է հաշվի առնել թեքությունները՝ քարտեզագրվող տարածքի մի կողմը կարող է մյուս կողմից 100 մետր բարձր կամ ցածր լինել ու սա նկատի ունենալով պիտի ծրագրավորես դրոնը:

Հաջորդ վարժանքը անտառում մոլորված մարդու որոնումն է եղել: Առաջին անգամ փորձարկվել է դրոնի բարձրախոսը, որով փրկարարը կարող է տարածության մեջ հրահանգներ տալ տուժածին: Ակադեմիայի  ԱԹՍ-ի ձայնը պարզ լսելի է 50 մետր բարձրությունից: Բարձրախոսով եւ տեսախցիկով փնտրում ես մոլորվածին, գտնելուն պես կապ հաստատում, տեսնում տուժածին, հարցուփորձ անում, մշտական կապի մեջ մնում, մինչեւ դրոնի հաղորդած կոորդինատների օգնությամբ փրկարարները կհասնեն տուժածին:

Արտավազդ Հովհաննիսյանից տեղեկացանք, որ հաջորդը կխաղարկվի երկու դրոնով որոնողափրկարարական աշխատանքների սցենարը: Առաջին՝ թեթեւ՝ տեսանկարող եւ բարձրախոսով հագեցած ԱԹՍ-ի օգնությամբ գտնում ես մոլորվածներին, տվյալները հաղորդում փրկարարներին: Ու մինչ փրկարարները կժամանեն, երկրորդ՝ ոչ շատ ծանր բեռներ տեղափոխելու ունակ դրոնով տուժածներին ջուր, սնունդ, դեղ ես հասցնում: Եթե տուժածն ընկել է, կոտրվածնքներ ունի եւ չի կարող տեղաշարժվել՝ խորհուրդներ ես տալիս՝ անշարժ պառկիր կամ այս կամ այն շարժումը արա կամ մի արա: ԱԹՍ-ների օգտագործմամբ նոր վարժանքին կմսանակցեն նաեւ ՃԿՊԱ ուսանողները, իսկ ակադեմիայի կրթական ծրագրի «Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր» առարկայի ծրագրով կուսուցանվի «Հեռավար զոնդավորում» թեման:

Բացի կրթականից, հեռավար զոնդավորումը գործնական նշանակություն էլ կարող է ունենալ: Կարելի է կազմել տարբեր տարածքների քարտեզները ու փրկարարները կունենան վտանգավոր տարածքների պատկերը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Արմեն Առաքելյանը