ՀՀ կառավարության մարտի 16-ի՝ երեկվա որոշմամբ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն մինչեւ ապրիլի 14-ը: Այսօր՝ մարտի 17-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվեց օպերատիվ խորհրդակցություն արտակարգ դրության պայմաններում ուսումնական գործընթացը կազմակերպելու վերաբերյալ: Հետաձգվում են թե կրթական-ուսումնական, թե վերապատրաստման դասերը: Համակարգի աշխատող ուսանողների արտադրական պրակտիկան կկազմակերպվի իրենց աշխատանքի վայրերում, մյուսների համար՝ ակադեմիայում: Ուսումը կկազմակերպվի հեռավար ուսուցման համակարգով: Համակարգը ՃԿՊԱ-ում ներդրվել է անցած տարվա ամռանը:

Արդեն այսօր ՃԿՊԱ ամբիոնները կառանձնացնեն իրենց մոտ եղած նյութերից այս շաբաթվա համար անհրաժեշտ դասախոսությունները, գրականության (նաեւ էլեկտրոնային, առցանց գրադարանների) ցանկն ու կուղարկեն ուսանողներին: Դասախոսների համար մշակված է հեռավար ուսուցման համակարգից օգտվելու տեսանյութ: Նման նյութ կպատրաստվի նաեւ ուսանողների համար: Համակարգում աշխատելու հարցում դասախոսներին, հարկ եղած դեպքում կօգնեն ամբիոնների մեթոդիստները:

«Ոսումնական հատվածում խզում չպետք է ունենանք, իսկ դրա համար պետք է աշխատել հեռավար համակարգով: Ուսանողը պիտի իմանա, որ իր մասին մտածող կա, իր հարցով զբաղվում են», — հայտարարեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը: ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրով արդեն հեռավար դասեր են անցկացվել:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ