ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հաստատված պլանի համաձայն, մարտի 9-13-ը արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում անցկացվել է «Որոնողափրկարարական հարցերով միջազզգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group` INSARAG) չափանիշներով վերապատրաստման դասընթաց՝ «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» թեմայով: Դասընթացին մասնակցել է 12 փրկարար՝ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերի փրկարարական վարչություններից: Դասընթացի տեւողությունը 40 ժամ է, որից  16-ը՝ տեսական, 24-ը՝ գործնական:

Դասընթացի թեմաներն էին. «Որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը, INSARAG-ի արտաքին որակավորման դասակարգման չափանիշներին համապատասխան քաղաքային որոնողափրկարարական թիմերի կառուցվածքը, խնդիրներն ու հնարավորությունները», « Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների եւ գործիքների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Ներքին այրման շարժիչով, էլեկտրական, մեխանիկական, պնեւմատիկ գործիքների եւ սարքավորումների հիմնական տեսակները, դրանց տեխնիկական բնութագրերը եւ կիրառման առանձնահատկությունները», «Վթարափրկարարական գործիքներով եւ սարքավորումներով փրկարարական աշխատանքների կազմակերպում» եւ այլն:

Այս տարի նախատեսված փրկարարների վերապատրաստման 13 դասընթացից 7-ը INSARAG-ի չափանիշներով է: «Վթարափրկարարական տեխնիկական միջոցների կիրառում» վերապատրաստումը այս տարվա հինգերորդն էր:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

 

Հ.Գ. Արդեն անցկացված դասընթացները.

«Ղեկավար կազմ»

«Համակողմանի ապահովում»

«Տակելաժային աշխատանքների կառավարում»

«Տեխնիկական որոնում»