Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանող Սերյոժա Հարությունյանը, չնայած երիտասարդ տարիքին, սպորտում  նորեկ չէ։ Ֆուտբոլ, մարմնամարզություն, կարատե, իսկ վերջին երկու տարիներին՝ բռնցքամարտ, որում վերջապես վերագտել է իրեն։  Բաթումի-Ստեփանավան բռնցքամարտի միջազգային մրցաշարի, Դիլիջանի գավաթի առաջնության եւ անկախության 28-րդ տարեդարձին նվիրված բռնցքամարտի միջազգային առաջնության հաղթողն է, Բռնցքամարտի երիտասարդների առաջնության երրորդ մրցանակակիրը: Ունի բազմաթիվ տեղական եւ միջազգային պատվոգրեր։ Վերջերս մարզիկը փայլուն ելույթ է ունեցել  Մորդովիայում կայացած բռնցքամարտի 4-րդ տարածաշրջանային մրցաշարում ՝ նվիրված հակամարտությունների ժամանակ զոհված ուժային կառույցների ծառայողներին։

«Ռինգ պետք է բարձրանալ միայն հաղթելու համար։ Բռնցքամարտն ինձ սովորեցրել է ինքս ինձ հակառակվել, հաղթահարել ցանկացած դժվարություն։ Շուտով կընդգրկվեմ ազգային հավաքականի կազմում, նպատակ ունեմ աշխարհի չեմպիոն դառնալ»,- նշում է 17-ամյա բռնցքամարտիկը։

Սպորտից դուրս Սերյոժան ընկերների հետ կիսում է ուսանողական կյանքի ուրախությունները, երբեմն՝ ձկնորսությամբ զբաղվում։ Շուտով զորակոչվելու է հայոց բանակ։

Հարազատ Ստեփանավան քաղաքի սպորտային ապագան մարզիկին շատ  է մտահոգում։  Ասում է՝ տաղանդավոր երեխաներ կան, որոնք բռնցքամարտում կարող են լուրջ հաջողության հասնել։ Մարզիչ Արիկ Եղիազարյանն իր սաներին պատրաստում է Ստեփանավանի թիվ 6 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում՝ նվազագույն պայմաններում,  առանց համապատասխան մարզագույքի։ Սերյոժան լիահույս է, որ մի օր զբոսաշրջային Ստեփանավանը նաեւ սպորտային կենտրոն կդառնա։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ