Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ կոլեգիայի նիստ, որտեղ ամփոփվեցին 2019 թվականին կատարված աշխատանքներն ու նշվեցին 2020 թվականին կատարվելիք աշխատանքների հիմնական ուղղությունները:

Ամփոփիչ ելույթներով հանդես եկան ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, ԱԻՆ  աշխատակազմի գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

2019 թվականի դեկտեմբերի 23-ին ամփոփվել էին մարդկանց անվտանգության եւ փրկության թեմաներով «Արիության համաստեղություն» ամենամսյա մրցանակաբաշխության արդյունքները: Այսօրվա նիստի ավարտին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հաղթողներին հանձնեց «Լավագույնն ըստ մասնագիտության» վկայականները: ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» հաղթող է ճանաչվել «ԱԻՆ կառավարմանը հանձնված լավագույն կազմակերպություն» անվանակարգում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ