Դեկտեմբերի 26-ին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ ռեկտորատի նիստ, ամփոփվեցին ընթացիկ տարում կատարված աշխատանքները։

Գիտահետազոտական, գիտամեթոդական եւ կրթական ծրագրերի համատեղ մշակման նպատակով այլ բուհերի հետ կնքվել են մի շարք հուշագրեր եւ համաձայնագրեր։ Վերջին մեկ ամսում ակադեմիան նոր համագործակցություն է սկսել Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության «Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի,Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի  եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի  հետ։

Գիտական եւ փորձարարական մեծ աշխատանքներ են տարվել անօդաչու թռչող սարքերի ոլորտում, ձեռք  է բերվել  նոր  չինական DJI ընկերության արտադրության Mavic 2 Enterprise անօդաչու թռչող սարք։Օրերս ակադեմիան ավարտեց «Ճգնաժամային կառավարում» եւ «Փրկարարական գործ» մասնագիտությամբ 20 մագիստրոս,  որոնց  90 տոկոսն արդեն աշխատում է ԱԻՆ տարբեր ստորաբաժանումներում։ Ընդհանուր առմամբ՝ տարեսկզբից փրկարար ծառայությունում աշխատանքի է անցել շուրջ 50 շրջանավարտ։

Տարվա կարեւոր ձեռքբերումներից մեկը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից ինստիտուցիոնալ հավատարմագրման փուլի հաջող ընթացքն ու ավարտն էր։ 

Բացի դրանից՝ որպես  արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մասնագիտական առաջատար կազմակերպության՝ Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեն ՃԿՊԱ-ին լիազորել է ատենախոսություն գրախոսել։

Նիստի ավարտին ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը հանձնարարեց հաջորդ տարում բարելավվել  ուսուցման մեթոդներն ու մոտեցումները, զարգացնել գիտահետազոտական ուղղությունը, զարկ տալ վերապատրաստումներին, պատրաստվել հեռավար ուսուցմանը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ