Այս տարվա ապրիլին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը համագործակցության նոր պայմանագիր կնքեցին, որով պարտավորվեցին հետազոտել աղետների ռիսկի կառավարման եւ արտակարգ իրավիճակներում ազդարարման ու արձագանքման գործընթացներում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման հնարավորությունները:

Երեք ամիս անց՝ այս տարվա հուլիսին, ՃԿՊԱ-ն, ԱՌՆԱՊ-ն ու էլի ութ կազմակերպություն. Ջինիշյան հիշատակի, «Արմ ֆիլմ ինդուստրի դեվելոպմենտ» հիմնադրամները «Ինստիգեյթ ռոբոտիքս», «Թեքնոլոջի ընդ սայնս դայնամիքս», «ՅՈՒ ԷՅ ՎԻ ԼԱԲ», «Ստեմ Դիդակտիկս» ընկերությունները, «Ստեփանավանի Լոռէ փրկարար ջոկատ» հասարակական կազմակերպությունը, Ստեփանավանի եւ Վայքի համայնքապետարանները համատեղ ջանքերով Ստեփանավանում եւ Վայքում «Համայնքային երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոններ» ստեղծեցին, որտեղ երիտասարդները զբաղվելու են անօդաչու թռչող սարքերի մոդելավորմամբ եւ ծրագրավորմամբ:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան սեփական միջոցներով ձեռք է բերել չինական DJI ընկերության արտադրության Mavic 2 Enterprise անօդաչու թռչող սարք: Ընկերությունը արդեն 13 տարի զբաղվում է ԱԹՍ-ների նախագծմամբ եւ արտադրությամբ, մասնաճյուղեր ունի Չինաստանում, Հարավային Կորեայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում:

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գործերի կառավարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտավազդ Հովհաննիսյանի խոսքով, բացի նշված լաբորատորիաներից, ռոբոտաշինության նոր լաբորատորիա է ստեղծվելու, որտեղ ՃԿՊԱ ուսանողները սովորելու են ԱԹՍ-ներ նախագծել: Mavic 2 Enterprise ԱԹՍ-ն դառնալու է կրթական ծրագրերի եւ գործնական դասերի գործիք: Դրոնը կծառայի նաեւ ակադեմիայի գիտական հետազոտությունների կենտրոնին՝ սողանքային գոտիների, անտառների քարտեզագրման, ռիսկերի շերտավոր քարտեզների մշակման եւ նման այլ աշխատանքներում:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Հ.Գ. Այս տարվա մայիսի 20-22-ը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում անցկացված «Աղետների արձագանքման բազմակի համաժամանակեցված առաքելություններով անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմի կառավարման նորարարական ինտեգրված լուծում» միջազգային համաժողովի մասնակիցները, այդ թվում՝ Հայաստանը, ձեւավորել են «Ռեսպոնդրոն» կոնսորցիում (անգլերեն response՝ արձագանքում եւ drone՝ անօդաչու թռչող սարք՝ ԱԹՍ բառերից) եւ 15 աշխատանքային խումբ: Հայաստանը ներկայացված է դրանցից 12-ում: Բացի  սրանից, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամաններով ստեղծվել են անօդաչու թռչող սարքերի թռիչքակազմն արտակարգ իրավիճակներում կառավարելու, տեղեկատվության համակարգման համար ծրագրի մշակման եւ «Ռեսպոնդրոն» ծրագրի մշակման եւ իրականացման աշխատանքային խմբեր: Հաշվի առնելով երկու ծրագրի բազմաթիվ ընդհանրություններ, երկու հարցով էլ կզբաղվեն նույն մարդիկ. իսկ աշխատանքային խմբերի ղեկավարը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն է: