Այսօր համագործակցության անժամկետ հուշագիր ստորագրեցին Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը»: Հուշագիրը ստորագրեցին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը:

Երկու բուհերի միջեւ ոչ պաշտոնական համագործակցություն կա վաղուց: «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի» դասախոսները պարբերաբար վերապատրաստվում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետում, իսկ ՃԿՊԱ փրկարարական ամբիոնն ու ՀՖԿՍՊԻ կիրառական մարզաձեւերի ամբիոնը պարբերաբար համատեղ գործնական դասեր են անցկացնում:

Նախքան հուշագրի ստորագրումը հյուրերը ծանոթացան ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածությանն ու ասացին, որ տպավորված են տեսածով:

Այսօր կնքված հուշագրով կողմերը պարտավորվում են համագործակցել հետեւյալ ուղղություններով. մասնագիտական եւ ասպիրանտական հետազոտական համատեղ ծրագրերի իրականացում, հրշեջ-փրկարարաների համար ֆիզիկական պատրաստվածության դասընթացների կազմակերպում, կամավորական ուսանողական թիմեր եւ միասնական ջոկատներ ստեղծում, ուսանողների փոխայցեր, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ուսումնակրթական (սպորտային, վերականգնողական, առողջարանական եւ այլն) բնույթի ծրագրերի իրականացում, միջազգային գիտական  կոնֆերանսների, սեմինարների, ստեղծագործական բանավեճերի, խորհրդակցությունների կազմակերպում եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ