ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները ուսումնական ծրագրով նախատեսված գործնական պարապմունք են անցկացրել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում՝ ՀՆՓԱԻԿ եւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում՝ ՀՌՄԱԿ:

Պարապմունքի հրահանգիչ, ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ լեյտենանտ Վահագն Հովակիմյանի խոսքով, ծրագրով նախատեսված էր մի քանի թեմա՝ վարժություններ փրկարարական գործիքներով, պարաններով եւ «Համակողմանի ապահովում»՝ փրկարարների կենսաապահովումը աղետի գոտում: ՀՆՓԱԻԿ-ի տարածքում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ թիմի ողջ գույքն ու հանդերձանքը: ՃԿՊԱ ուսանողները տեսել են ինչպես է պահպանվում եւ խնամվում այդ գույքը, ինչպես է պլանավորվում գույքի բեռնումը մեքենաներ, տեղադրման հերթականությունը, ծանոթացել են եղած գույքի դասավորությանն ու գունանշումներին եւ այլն: Ուսանողները ծանոթացել են նաեւ ՀՆՓԱԻԿ կինոլոգիական ծառայության աշխատանքներին:

Նույն տարածքում է գործում նաեւ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնը: ՃԿՊԱ ուսանողները ծանոթացել են կենտրոնի ճգնաժամային կառավարման կենտրոնի հնարավորություններին, տեսել, թե ճգնաժամի ժամանակ ինչպես է տեսակապ հաստատվում Հայաստանի, Ռուսաստանի կամ այլ երկրի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների հետ, ինչպես է կենտրոնը անօդաչու թռչող սարքով տվյալներ հավաքում եւ հաղորդում պատկան կառույցներին: