Դեկտեմբերի 9-12-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագետների խումբը՝ ինստիտուցիոնալ հավատարմագրման գնահատում իրականացնելու համար:

ՃԿՊԱ-ն առաջին անգամ ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել 2017 թվականին՝ երկու տարի ժամկետով, այժմ վերահավատարմագրվում է։ Փորձագետները ուսումնասիրում են բուհի առկա ռեսուրսները, անցած երկու տարում արձանագրված փոփոխությունները եւ զեկույց են կազմելու 10 չափանիշով:

Փորձագիտական խմբի ղեկավարը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու  Տիգրան Մնացականյանն է: Անդամներն են՝ Շիրակի պետական համալսարանի գիտական քաղաքականության, որակի ապահովման եւ կառավարման կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ  Արմենուհի Սարգսյանը,  Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտ գիտական քարտուղար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ  Ծաղիկ Հովհաննիսյանը, Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողուհի Մարիամ Թորոսյանը, Լեհաստանի ռազմածովային ակադեմիայի հրամանատարության եւ ծովային գործողությունների ֆակուլտետի փոխդեկան Բարտոլոմեյ Պաչեկը։

Ուսումնասիրության ավարտին փորձագետները հանդիպեցին ՃԿՊԱ ղեկավարության եւ դասախոսների հետ: Ըստ Տիգրան Մնացականյանի, բոլոր ուղղություններով էլ առաջընթաց կա, գովելի է, որ ՃԿՊԱ համար առաջնայինը անվտանգության մշակույթի ձեւավորումն է եւ հարկ է մեծ տեղ տալ բուհի որակի ապահովման կենտրոնին:

Բարտոլոմեյ Պաչեկի խոսքով, ակադեմիան, պատկերավոր ասած, հիբրիդային կառույց է՝ փրկարարների կրթության, որակի բարձրացման, վերապատրաստման ծրագրերին զուգահեռ իրականացնում է քաղաքացիական անձանց վերապատրաստումներ, իսկ բուհի ռազմավարական պլանի ուղղությունը ճիշտ է ընտրված:

Այսօր աշխարհում ավելանում են անվտանգության մարտահրավերներն ու ռիսկերը, որ չեն կարող հաղթահարվել մեկ կառույցի կամ մեկ պետության ուժերով, ուստի կարեւոր է միջազգային համագործակցությունը: Բարտոլոմեյ Պաչեկը առաջարկեց զարգացնել ՃԿՊԱ միջազգային կապերը: Հիմնադրման օրվանից ՃԿՊԱ-ն ձեւավորել է միջազգային համագործակցության լայն ցանց: Բուհը համագործակցել եւ համագործակցում է Իտալիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, ԱՄՆ, Գերմանիայի, Շվեդիայի, Կորեայի, Ճապոնիայի, Ռուսաստանի եւ այլ երկրների կրթագիտական եւ հետազոտական հաստատությունների հետ: Համագործակցության վերջին համաձայնագիրը կնքվել է ընդամենը 10 օր առաջ՝ դեկտեմբերի 4-ին: Քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ աղետների հետեւանքների վերացման ոլորտների համար բարձր որակավորում ունեցող մասնագետներ պատրաստելու, կրթական եւ գիտահետազոտական աշխատանքների որակի բարձրացման, արտակարգ իրավիճակների արձագանքման պետական լիազոր մարմինների աշխատանքներում գիտական հետազոտությունների արդյունքների ներդրման հարցերում Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիկճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կհամագործակցի Ռուսաստանի դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների եւ տարերային աղետների հետեւանքների վերացման նախարարության Քաղաքացիական պաշտպանության ակադեմիայի հետ:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական վերջնական զեկույցը ակադեմիային կներկայացվի 2020 թվականի մարտի 6-ին, որից հետո բուհը մոտ երկու ամիս կունենա զեկույցում արձանագրված թերությունները վերացնելու ծրագիր կազմելու համար: 2020 մայիսին կհրապարակվի հավատարմագրման վերաբերյալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի որոշումը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ