«Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետների դիմակայունության օրվա» շրջանակներում կազմակերպվող միջոցառումների շարքում այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնում կազմակերպել էր հրշեջ-փրկարարական տեխնիկայի, գույքի, սարքերի ու սարքավորումների ցուցադրություն։ Ներկայացված տեխնիկայի վերաբերյալ կենտրոնի սաների բոլոր հարցերին պատասխանում էին ՃԿՊԱ դասախոսները, որոնք երկար տարիներ աշխատել են տարբեր փրկարարական ստորաբաժանումներում, իսկ մի մասը Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո գործող «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) արտաքին որակավորում ունեցող հայկական քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, գործող թիմի անդամ է։

Երեխաներին հետաքրքիր էր ամեն ինչ՝ ինչպես կարող է 20-22 կգ քաշով «մկրատանման» սարքը մինչեւ 8 տոննա քաշով բեռը բարձրացնել, ինչպես է «օձանման» խողովակը՝ տեսաորոնման սարքը տեսնում եւ լսում փլատակների մնացած տուժածին, ինչպես է ջրափրկարարն ապահովում սեփական անվտանգությունն ու օգնության հասնում տուժածին եւ այլն։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մանկապատանեկան հանրապետական կենտրոնի տնօրեն Հայկանուշ Դավթյանի խոսքով, կենտրոնն ունի մոտ 8000 սան, այդ թվում ռազմահայրենասիրական պատրաստությունը գերակայություն հռչակած «Փոքր Մհեր» կրթահամալիրի աշակերտները։ Ըստ տնօրենի, Հայաստանի աշխարհագրական պայմաններում անհրաժեշտ է, որ այսօրինակ միջոցառումների միջոցով երեխաները տեղեկանան աղետներից պաշտպանվելու հմտություններին։

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ