«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի 2017 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 23 որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան երկու տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում ստացավ: Անցած տարվա դեկտեմբերին ՃԿՊԱ-ն կրկին հավատարմագրվելու հայտ է ներկայացրել: Ինստիտուցիոնալ հավատարմագրման ժամանակացույցի համաձայն, այս տարվա դեկտեմբերի 9-12-ը ՄԿՈԱԱԿ հիմնադրամի փորձագետների խումբը կայցելի ՃԿՊԱ: Այս օրերին փորձագետները ՃԿՊԱ ղեկավարության հետ ճշտում են այցի պլանը: Նոյեմբերի 28-ին նրանք այցելել էին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոն: Իսկ այսօր՝ նոյեմբերի 29-ին հանդիպում էին ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանին եւ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկանդուխտ Ղարիբյանին: ՃԿՊԱ ղեկավարությունը փորձագետներին ներկայացրեց բուհի կառուցվածքն ու աշխատանքի ուղղությունները:

ՀՀ կառավարության 1992 թվականի հունվարի 31-ի որոշմամբ ստեղծված «Արտակարգ իրավիճակներում գործելու համար մասնագետների վերապատրաստման ինստիտուտը» 2003 թվականին դարձավ բարձրագույն ուսումնական հաստատություն եւ մինչ օրս ավելի քան 1500 շրջանավարտ է տվել: Եթե 2003-ին ակադեմիան միայն երկու մասնագիտության գծով բակալավրի կրթական ծրագրով էր կադրեր պատրաստում, ապա այսօր միջին մասնագիտական, բակալավրի, մագիստրոսի կրթական ծրագրերով՝ 10 մասնագիտությամբ: Հայաստանի հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի 2019 թվականի մարտի 13-ի հրամանով, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային թույլատրվել է «Երկրաբնապահպանություն» մասնագիտության ատենախոսությունների թեմաներ հաստատել: Այլ խոսքով՝ ասպիրանտական կրթություն կազմակերպել: Սա նշանակում է ամբողջանում է ակադեմիայի կրթական շղթան՝ միջին մասնագիտականից մինչեւ հետբուհական՝ հետազոտողի կրթություն:

Ակադեմիայի ջանքերով, հանրակրթական դպրոցների կրթական ծրագրերում տարբեր առարկաների (բնագիտություն, կենսաբանություն, նախնական զինվորական պատրաստություն եւ այլն) դասագրքերում ներառված են աղետների ռիսկի նվազեզման թեմաներով նյութեր:

Ակադեմիայում գործում է ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը, որտեղ տարեկան 1800-2000 մարդ է վերապատրաստվում. պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների, մասնավոր կառույցների ներկայացուցիչներ: Սրան զուգահեռ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարական ֆակուլտետում տարեկան ավելի քան 400 փրկարար է վերապատրաստվում, նաեւ մասնագետներ ուժային այլ կառույցներից՝ բանակ, ազգային անվտանգության ծառայություն, ոստիկանություն: 

Հիմնադրման օրվանից ՃԿՊԱ-ն ձեւավորել է միջազգային համագործակցության լայն ցանց: Բուհը համագործակցել եւ համագործակցում է Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ, Գերմանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի կրթագիտական եւ հետազոտական հաստատությունների հետ: 

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գլխավոր նպատակը անվտանգության մշակույթի ձեւավորումն է, իսկ դրա կարեւոր գրավականը ակադեմիայի շարունակական զարգացումն ու կատարելագործումը, վստահ են ակադեմիայում:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի փորձագիտական վերջնական զեկույցը ակադեմիային կներկայացվի 2020 թվականի մարտի 6-ին, որից հետո բուհը մոտ երկու ամիս կունենա զեկույցում արձանագրված թերությունները վերացնելու համար: 2020 մայիսին կհրապարակվի հավատարմագրման վերաբերյալ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի որոշումը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ