Նոյեմբերի 27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրս 11 ուսանող, ՃԿՊԱ քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու Հասմիկ Պետրոսյանի ղեկավարությամբ «Կիրառական մեխանիկա» դասընթացի գործնական պարապմունք են անցկացրել Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաներում՝ ՀԱՃԼ:

ՀԱՃԼ-ն հիմնադրվել է 2013 թվականին՝ առավել քան 30 մասնագիտացված եւ ունիվերսալ ուսումնական եւ գիտահետազոտական լաբորատորիաներ միավորող փորձարարական կենտրոն է: ՀԱՃԼ նպատակն է բավարարել ճարտարագիտական ոլորտում առկա ժամանակակից պահանջներին համապատասխան տեխնիկական կրթություն ունեցող որակյալ մասնագետների եւ շրջանավարտների պահանջարկը, նպաստել նորարար բիզնես գործունեության զարգացմանը:

Ապագա փրկարարները եղել են նյութերի դիմադրության, ռոբոտատեխնիայի, էլեկտրատեխնիկական, էներգետիկայի, կառավարման համակարգերի, մեքենաների եւ մեխանիզմների տեսության լաբորատորիաներում: ՃՊԿԱ ուսանողները ձգման փորձ են կատարել հայկական National instruments ընկերության արտադրած ստենդների վրա: Ցանկացած սարք աշխատում է ձգման եւ լարումների առկայությամբ եւ ապագա փրկարարներն ու սարքեր նախագծողները պետք է հասկանան ամրության հաշվարկը:

Փորձից հետո ՃԿՊԱ ուսանողները հետեւել են ներքին այրման շարժիչի, շուռտվիկ շարժաթեւային մեխանիզմի, տարաբնույթ ավտոմատ համակարգերի աշխատանքներին: Այսօր փրկարարական շատ գործիքներում են կիրառվում թե ներքին այրման շարժիչներ, թե ավտոմատ համակարգեր:

Պարապմունքի ավարտին Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաների մասնագետները ՃԿՊԱ ուսանողներին առաջարկել են մասնակցել ՀԱՃԼ-ում կազմակերպվող վեցօրյա դասընթացներին: Այս վեց օրից չորսը դասերն են, իսկ մնացած երկու օրում ուսանողները պետք է ստացած դասերի հիման վրա նախագիծ մշակեն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Հասմիկ Պետրոսյանը