Նոյեմբերի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության՝ JICA, Վրաստանի եւ Ուզբեկստանի գրասենյակների ներկայացուցիչները եւ ճապոնական «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագրի համակարգող Քոիչի Շիվակուն: Նոյեմբերի 14-ին ավարտվում է ծրագրի առաջին փուլը եւ այցի նպատակն էր ծանոթանալ մինչ օրս իրականացված աշխատանքներին:

ՃԿՊԱ-JICA համագործակցությունը ավելի քան 10 տարվա պատմություն ունի եւ ճապոնական կողմի հետ իրականացված ծրագրերի (սողանքային գոտիների քարտեզագրում, սեյսմիկ ռիսկի գնահատում եւ այլն) արդյունքները տեղ են գտել ՃԿՊԱ ուսումնական ծրագրերում: Բացառություն չի լինելու «Աղետների ռիսկի նվազեզման նպատակով ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման բարելավման» ծրագիրը: ՃԿՊԱ-ում, բացի փրկարարներից, տարեկան վերապատրաստվում է մոտ 2000 մարդ՝ պետական, տարածքային, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ եւ այլն: Այս մարդիկ արտակարգ կամ ճգնաժամային իրավիճակներում դառնում են տարհանման հանձնաժողովների կամ նման այլ օղակի պատասխանատուներ եւ ճգնաժամային հաղորդակցության եւ հանրային իրազեկման հարցերով վերապատրաստվելը հաստատ ավելորդ չէ: Այս թեմայով վերապատրաստումները սկսվեն եկող տարի:

Ճապոնացի հյուրերը շրջեցին ակադեմիայում, տեսան ակադեմիայի կրթական եւ վերապատրաստման ծրագրերում օգտագործվող տեխնիկական միջոցներն ու հայտարարեցին, որ տպավորված են ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածության մակարդակով: Նաեւ հույս հայտնեցին, որ ՃԿՊԱ-JICA համագործակցությունը կշարունակվի: ՃԿՊԱ ղեկավարությունը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ