Նոյեմբերի 7-8-ին Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում եւ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցան ամենամյա «Էրազմուս+» տեղեկատվական օրերը Երեւանում։

«Էրազմուս+»-ը 2014-2020 թթ. ժամանակահատվածում Եվրամիության կողմից իրականացվող նոր ծրագիր է՝ ուղղված կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի հարցերին։ Ծրագրի հիմնական բաղադրիչներն են «Անհատների ուսումնական շարժունություն», «Նորարարությանը միտված համագործակցություն եւ լավագույն փորձի փոխանակում», «Աջակցություն քաղաքական բարեփոխումներին», «Ժան Մոնե գործողություններ» եւ «Գործողություններ սպորտի ոլորտում»։

Տեղեկատվական օրերն ուղղված էին «Էրազմուս+» ծրագրի բարձագույն կրթության հատվածի հնարավորությունների մասին հանրային իրազեկման բարձրացմանը՝ համախմբելով ԵՄ-ի եւ նրա հարեւան երկրների բուհերի դասախոսական ու վարչական անձնակազմերին, փորձագետներին եւ ուսանողներին, նախարարություններին եւ այլ շահագրգիռ անձանց։

Երկօրյա միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մարդ 23 պետական եւ 5 մասնավոր բուհերից, այդ թվում՝ Ճգնաժամային կառավարան պետական ակադեմիայի Գիտական հետազոտությունների կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցը, Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ղաբրիբյանը եւ ավագ մեթոդիստ Հասմիկ Հարությունյանը։

Առաջին օրն «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան ներկայացրել է Հայաստանում «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրերի պատկերը, որին հաջորդել են պանելային քննարկումներ 8 ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։

Երկրորդ օրը նվիրվեց Հայաստանի եւ Իսպանիայի միջբուհական համագործակցության հեռանկարների բացահայտմանը։ Նիստից հետո ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները, որոնք կնպաստեն հայաստանյան բուհերի միջազգայնացմանը եւ գիտական համագործակցությունների խթանմանը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են դասախոսները