Նոյեմբերի 12-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» միջազգային գիտաժողովը, որին մասնակցում էին Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, ՃԿՊԱ դասախոսներ, աղետների ռիսկի նվազեցման ոլորտի տեղացի մասնագետներ։

Ողջունելով ներկաներին՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը նշեց․ «Մենք իրավունք չունենք պարծենալու, թե մեր հրշեջ-փրկարարները ժամանակակից հանդերձանքով վտանգավոր տարածք են մտնում։ Այդ գործը պետք է ռոբոտներն անեն, մարդկային կյանքը պետք է արժեւորել։ Փրկարարությունը կապված է բոլոր ոլորտների հետ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաքիմիա, առողջապահություն եւ այլն։ Մենք չենք կարող բոլոր գիտությունները զարգացնել, պետք է միավորվել եւ մեր գիտական միտքն ուղղել 21-րդ դարին հարիր խնդիրների լուծմանը»։

Ռեկտորը խոսեց նաեւ մինչեւ 300 մետր բարձրության վրա փրկարարական աշխատանքների հնարավորություն ունեցող անօդաչու թռչող սարքերի արդյունավետության, ինչպես նաեւ՝ ավտոնոմ տեղեկատվական բազայի ստեղծման անհրաժեշտության մասին․ ինտերնետային քարտեզների հասանելիությունը կախված է կապի ծածկույթից, իսկ արագ արձագանքման համար սա կարող է խոչընդոտ լինել։

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ուշադրություն հրավիրեց վերջին շրջանում գրանցված անտառային հրդեհների աճին, որոնց հետեւանքով հրշեջ-փրկարար զոհվեց, ոմանք ստացան վնասվածքներ։ «Մեր ունեցած տեխնիկական հնարավորություններով հնարավոր էր բավական գործ անել Սպիտակի երկրաշարժից հետո, բայց այսօր նման միջոցներով պատրաստ չենք դիմակայելու բոլոր աղետներին։ Փրկարարությունն անձի վրա հիմնված մասնագիտություն է, դրանում միշտ չարդարացված ռիսկ կա։ Այս գիտաժողովը լավ փորձ է․ մեզ պետք են նոր գաղափարներ, պետք է օգնություն»,- ասաց նախարարը։

Զեկույցներով հանդես եկան Սերգեյ Նազարեթյանը «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ից, Վարդան Բոստանջյանը եւ Սամվել Ասատրյանը՝ Երեւանի պետական համալսարանից, ՃԿՊԱ դասախոս, փ/ծ գնդապետ Վալերի Բագիյանը՝ ԱԻՆ ՔԿՃՄ իրավիճակի մոնիթորինգի բաժնից, Համլետ Մելքոնյանը՝ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունից։ Ա.Ն. Տուպոլեւի անվան Կազանի ազգային հետազոտական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Ե. Մուրավյովան, Ա. Ռիբակովը եւ Ե. Ալեքսեեւան կապ հաստատեցին տեսազանգով։

Թեմաներն էին «ՀՀ սեյսմիկ անվտանգության արդի մակարդակը․ սեյսմիկ ռիսկի նվազեցումն ու ռիսկի աճի կանխումը, ճգնաժամի կառավարումն ու աղետի հետեւանքների վերացման պատրաստվածությունը», «Կլիմայի փոփոխությունը եւ կլիմայական ռիսկերը Հայաստանում», «Անվտանգության մշակույթի ձեւավորման եւ մտածողության ռիսկի մեթոդոլոգիական մոտեցումները», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կենսաանվտանգության եւ տեխնոլոգիական մոտեցումները կենսաբանական ազդակների հայտնաբերման եւ նույնականացման նպատակով», «Բնական աղետների ռիսկերի կառավարման հիմնախնդիրները եւ դրանց հետեւանքների հաղթահարման ուղիները։

Ներկայացնում ենք մի շարք կարեւոր դիտարկումներ զեկույցներից․

  • Հանրապետությունում սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրը համակարգված դրվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Գործնական առաջին քայլերից էր 1989թ. հանրապետության տարածքի ընդհանուր սեյսմիկ շրջանացման նոր սխեմայի կազմումը, որով սեյսմիկ վտանգի մակարդակը բարձրացվեց 1-2 բալով։ Մշակվել են սեյսմիկ անվտանգությանն առնչվող փաստաթղթեր` օրենքներ, ենթաօրենսդրական ակտեր, կարգեր եւ այլն, սեյսմիկ ռիսկի նվազեցման երկու երկարաժամկետ պետական ծրագրեր, կատարվել են սեյսմիկ ռիսկի գնահատման եւ նվազեցման ուղղություններով գիտամեթոդական մշակումներ, հանրապետության ողջ տարածքում եւ առանձին տարածքներում գնահատվել է տարբեր մակարդակի սեյսմիկ վտանգը, կազմվել են վտանգի քարտեզներ եւ այլն։ Այդուհանդերձ դեռ բավարար մակարդակում չեն հասարակության տարբեր շերտերի ուսուցումը, իրավական դաշտի ապահովումը, մասնավորապես՝ Սեյսմիկ պաշտպանության մասին» ՀՀ օրենքի վերամշակումը, երկարաժամկետ գործողությունների պլանավորումը, արագ արձագանքման ուժերի վերապատրաստումը եւ այլն։
  • Սովորաբար ավերիչ երկրաշարժերի հասցրած վնասը հատուցում են կառավարություն­ները, ապահովագրական ընկերությունները եւ ինչ-որ չափով՝ միջազգային ու բարեգործական կազմակերպությունները: Առաջարկվում է երկրաշարժից ապահովագրումը դիտարկել որպես սեյսմիկ պաշտ­պանության տարր: Ապահովագրումը կհենվի սեյսմիկ վտանգի գնահատման, մարդկանց, շինությունների ու տարածքների սեյսմիկ խոցելիության վրա․ տվյալների հիման վրա կսահմանվի ապահովագրության տարեկան վճարն ու հատուց­ման չափը։
  • Հատուկ եւ առաջնահերթ հիմնախնդիր է դպրոցների եւ առողջապա­հական հիմնարկների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատումը եւ դրանց սեյսմակայունության բարձրացումը: Հայաստանում շուրջ 1000 դպրոցի շենք կարիք ունի սեյսմիկ վտանգի նոր մակարդակին համապատասխան ուժեղացման: Հրատապ հիմնախնդիրներից է նաեւ 1957-1991թթ. կառուցված բնակելի շենքերի ուժեղացումը: Հայաստանում առկա 4500 բազմաբնա­կարան շենքերից, որոնցից 3500-ը՝ մայրաքաղաքում, սեյսմիկ խոցելի են։ 24 ջրամբարներում ժամանակակից չափորոշիչներով սեյսմիկ վտանգի գնահատման կարիք կա։
  • Հայաստանում, Վրաստանում, Իրանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում նկատվում է սեյսմիկ ակտիվություն Եվրասիական եւ Արաբական տեկտոնական սալերի բախման հետեւանքով։ Անհրաժեշտ է ապահովագրական բիզնեսում ներդրումներ անել՝ ներգրավվելով տեղական ապահովագրական ընկերությունների եւ արտերկրյա գործընկերների։ Համաշխարհային փորձն այս առումով դրական արդյունք է ցույց տվել։ Օրինակ՝ 2010 թվականին Նոր Զելանդիայում հզոր երկրաշարժի հետեւանքով 5 մլդ դոլարի վնասից 3,5 միլիարդը փոխհատուցել են արտասահմանյան վերաապահովագրողները, մյուս մասը՝ Երկրաշարժերի կոմիտեն (Earthquake Commission (EQC)
  • Հայաստանում հանդիպող կենսաբանական հիմնական վտանգներն են մարդու եւ գյուղատնտեսական կենդանիների առավել վտանգավոր վարակների բնական օջախները, բնական աղետների հետեւանքով կենսաբանորեն վտանգավոր օբյեկտերի հետ կապված արտակարգ իրավիճակները, վարակիչ հիվանդությունների անդրսահմանային հարուցիչների տեղափոխումը, կենսաբանական ազդակների միջոցով հնարավոր ահաբեկչական ակտերը։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը, որպես կենսաբանական ազդակների հայտնաբերման եւ նույնականացման լիազոր մարմին, չունի վարակների հայտնաբերման ֆինանսապես հասանելի մեխանիզմ։ Փոխարենն օգտագործվում են տեխնոլոգիական որոշումներ՝ արագ թեստ, սպիտակուցի անալիզ եւ այլն։ Անհրաժեշտ է մասնագետների վերապատրաստում։
  • Ռուսաստանի Դաշնությունում իրականացվում է «Տեխնիկական անվտանգություն» թեմայով մասնագետների վերապատրաստում, որը նպատակ ունի ապահովել մարդու եւ շրջակա միջավայրի անվտանգ գործունեությունը։ Ուսուցման հիմքում անվտանգության մշակույթն է եւ ռիսկի վրա հենված մտածողության զարգացումը։
  • Ըստ կլիմայի փոփոխության ուսումնասիրությունների՝ Հայաստանում ջերմաստիճանը 1929-2018թթ. ընթացքում աճել է39 0 C, տեղումների քանակը 1935-2018թթ. նվազել է 13%-ով։ Ըստ երաշտի ինդեքսների՝ ուժեղ և շատ ուժեղ երաշտների թիվը 2000-2017թթ. ընթացքում միջինի (95.6) նկատմամբ աճել է 41 դեպքով (43 %): Վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանն ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները, ինչպես նաեւ դիտվել են երաշտի սկսման առավել վաղ ժամկետներ։ Ըստ կանխատեսումների՝ Հայաստանի ջերմաստիճանը 2070-2100թթ. կաճի 4.8 0 C-ով, իսկ տեղումները կնվազեն՝ 10-15%-ով: Ըստ այդ սցենարի՝ հողի արդյունա­վետ խոնավության պաշարները կնվազեն 15-20%-ով, գոլորշիունակությունը կավելանա 7-8%-ով, բույսերի բնական խոնավապահովվածությունը կնվազի 15-20%-ով, որի հետևան­քով խիստ կփոխվի ոռոգման ջրի պահանջը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ