Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա էին այցելել ամերիկյան «Խաղաղության կորպուսի» Հայաստանի գրասենյակի անվտանգության մենեջեր Վահագն Տոնոյանն ու մի շարք երկրներում (Վրաստան, Ալբանիա, Ուկրաինա, Մոլդովա եւ այլն) կորպուսի ծրագրերի համակարգող Կարմեն Շիհանը: ԱՄՆ խաղաղության կորպուսը Հայաստանում աշխատում է 1992 թվականից: Անցած 27 տարում «Անգլերեն լեզվի ուսուցում» եւ «Համայնքի եւ երիտասարդության զարգացում» ծրագրերով Հայաստանի ավելի քան 100 համայնքում երկու տարով աշխատել է կորպուսի ավելի քան 1000 կամավոր: Ներկայումս Հայաստանում է 71 կամավոր:

Խաղաղության կորպուսի ներկայացուցիչները մտադիր են իրենց կամավորների համար անվտանգության մշակույթի, աղետի ժամանակ ճիշտ վարքականոնի թեմաներով վերապատրաստումներ կազմակերպել եւ ակնկալում են ՃԿՊԱ օգնությունը: Նման դասընթաց «Խաղաղության կորպուսի» կամավորների համար կազմակերպվում է առաջին անգամ:

Ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանն ու պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հայկանդուխտ Ղարիբյանը օգնելու պատրաստակամություն հայտնեցին ու պատասխան առաջարկ արեցին. ցանկալի կլինի, եթե կորպուսը Հայաստանի համայնքներ գործուղի աղետների ռիսկի կառավարման մասնագետներ կամ այս ոլորտում սովորող ուսանողներ: Նրանք կարող են մասնակցել համայնքներում ռիսկերի գնահատման, քարտեզագրման, կառավարման ծրագրերին: Սա կլինի օգնություն համայնքին եւ գործնական դասընթաց մասնագետի համար: Կշահեն բոլորը:

Կողմերը պայմանավորվեցին պաշտոնական նամակների տեսքով մեկը մյուսին ներկայացնել կարիքներն ու առաջարկները, որից հետո համագործակցությունը կտեղափոխվի գործնական հարթություն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ