Անցած տարվա դեկտեմբերին եւ այս տարվա փետրվարին Հայաստան էին այցելել Կոպենհագենի համալսարանական քոլեջի ուսանողների երկու խումբ: Առաջին խումբը ուսումնասիրում էր անօդաչու թռչող սարքերը՝ ԱԹՍ, ռիսկերի կառավարման եւ սեյսմիկ անվտանգության ոլորտներում կիրառելու հարցը: Երկրորդ խումբը ուսումնասիրում էր արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամերի կառավարման Հայաստանի փորձը:

Այս օրերին Հայաստանում են ուսանողների դասախոսներ Յակոբ Թաառուփ-Էսբենսենն ու Մարեն Էգեդորֆը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ դանիացի հյուրերն ասացին, որ մտադիր են Հայաստանի հետ համագործակցություն սկսել՝ ռիսկերի կառավարման հարթությունում: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան եւ Կոպենհագենի համալսարանական քոլեջը կրթական ծրագրերում շատ ընդհանրություններ ունեն. երկու բուհում էլ մեծապես կարեւորվում է անօդաչու թռչող սարքերի եւ երկրատարածական՝ GIS, քարտեզների կիրառումը ռիսկերի գնահատման նպատակով, երկու բուհում էլ բացի տեսական դասախոսություններից ուսանողների գիտելիքները հարստացնելու համար դաշտային գործնական պարապմունքներ են կազմակերպվում: Տարբերությունն էլ կա. Հայաստանին սպառնացող ռիսկերը շատ են, Դանիայում միակ լուրջ ռիսկը ջրհեղեղն է: Դանիացիների խոսքով, ռիսկաշատ Հայաստանը աշխատելու համար ապահով երկիր է:

ՃԿՊԱ ղեկավարությունն առաջարկեց սկսել տեսակապով քննարկումներից: Սա արդյունավետ է եւ մեծ միջոցներ չի պահանջում: Դանիացիներն առաջարկեցին մտածել ամառային կարճատեւ դպրոցների ձեւաչափով ուսանողների փոխայցեր կազմակերպելու մասին, հետագայում՝ ավելի երկար ժամկետով ուսանողների փոխանակման ծրագրեր իրականացնել: ՃԿՊԱ-ն պատրաստ է դանիացի ուսանողներին տանել Հայաստանում որեւէ ռիսկի՝ սողանք, քարաթափում եւ այլն, տարածք եւ տեղում դաս կազմակերպել:

Յակոբ Թաառուփ-Էսբենսենն ու Մարեն Էգեդորֆը ասացին, որ 2020 ապրիլին նորից գալու են Հայաստան՝ արդեն այսօր քննարկված առաջարկների հիման վրա մշակված ծրագրով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ