Հոկտեմբերի 16-20-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում անցկացվում է «Արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի Digital UAV Forum 2019» միջազգային ֆորումը։ Կազմակերպիչներն են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (ՀԱՊՀ) հիմնադրամը, Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը, «Այբ» դպրոցը, «Լոկատոր» փակ բաժնետիրական ընկերությունը եւ ՀՀ Տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների գործատուների միությունը։ Գլխավոր գործընկերներն են «Ավրորա» ֆորումը եւ Վիվասել ՄՏՍ-ը։

Ֆորումն իրականացվում է գիտատեխնիկական, գիտական եւ կրթական կազմակերպությունների կադրային պոտենցիալի զարգացման եւ ամրապնդման, ինչպես նաեւ տաղանդավոր երիտասարդներին գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտում ներգրավելու նպատակով։

Նախատեսվում է երեք միջոցառում

  • գիտական կոնֆերանս՝ արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտում արդի գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումների մասին։
  • Հեքըթոն։ Կներկայացվեն արհեստական բանականության եւ անօդաչու ավիատրանսպորտի ոլորտում առկա գործնական խնդիրների լուծումներ։ Լավագույնները Վիվասել ՄՏՍ ընկերության կողմից կարժանան դրամական մրցանակների։
  • Դպրոցական կրթական հարթակ, որի շրջանակում կցուցադրվեն դպրոցականների ստեղծած գիտական եւ տեխնիկական նախագծերը, կանցկացվեն դրոնների հավաքման վարպետաց դասեր եւ ցուցադրական թռիչքներ։

Հոկտեմբերի 17-ի նիստում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գիտական կենտրոնի պետ Սաթենիկ Բակունցը ներկայացրեց ակադեմիայի գործունեությունը, փրկարարական եւ ջրափրկարարական աշխատանքներում անօդաչու թռչող սարքերի արդյունավետ կիրառության հեռանկարները: ՃԿՊԱ ներկայացուցիչը նշեց, որ ակադեմիան բաց է համագործակցության համար եւ ողջունում է տեխնոլոգիական ցանկացած նորարարություն, որը կարող է  նպաստել բնակչության պաշտպանության քաղաքականության բարելավմանը:

 

Լուսանկարները՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կայքէջից