Հոկտեմբերի 17-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրաընկալեց Ամերիկյան տրավմայի կանխարգելման «Իմաստալից աշխարհ» ասոցիացիա՝ «Association for Trauma Outreach and Prevention (ATOP) MeaningfulWorld» կազմակերպության ներկայացուցիչներին եւ հիմնադիր, հոգեբանության դոկտոր Անի Գալայջյանին, որը դասախոսներին եւ ուսանողներին ներկայացրեց 30 տարի շարունակ ասոցիացիայի կատարած աշխատանքը, մարտահրավերներն ու ձեռքբերումները։

ATOP-ը մասնագիտացած է ինքնասպանությունների կանխարգելման ոլորտում հոգեբանական ծառայությունների մատուցման մեջ։ Նպատակ ունենալով նվազեցնել կանանց, երեխաների եւ փոքրամասնություն կազմող խոցելի խմբերի նկատմամբ բռնությունը, օգնելու ցեղասպանություն վերապրածներին վերականգնել հոգեկան առողջությունը՝ կազմակերպությունը բազմակողմանիորեն ուսումնասիրում է սերնդային (օրինակ՝ Ցեղասպանության ազդեցությունը սերունդների հոգեկան եւ ֆիզիկական առողջության վրա), անձնական (օրինակ՝ ընտանիքում անհաշտությունների, ամուսնալուծության եւ այլ պատճառներով առաջացած երկրորդային տրավմաները), կոլեկտիվ (օրինակ՝ Սիրիայի ռմբակոծումը Թուրքիայի կողմից եւ դրա ազդեցությունը հայերի վրա), հորիզոնական (օրինակ՝ մարդն իրեն ճնշված է զգում պետական պաշտոնյաների կոռուպցիոն գործարքների, արտաքին թշնամու ազդեցության եւ այլնի պատճառով) եւ այլ տրավմաները։

Լինելով Հայոց ցեղասպանությունը վերապրածի զավակ եւ լուռ կրելով այս արհավիրքի ծանրությունը՝  Անի Գալայջյանը հատկապես ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ամեն հաջորդ սերնդի հոգեբանության մեջ վրեժի ծարավն ավելի խոր արմատներ է գցում։  Սա, հոգեբանի կարծիքով, առողջության համար վտանգավոր եւ էներգատար հակում է։ Այս գաղափարախոսության համար հոգեբանը բազմիցս քարկոծվել է։ «Մեր շուրջ կատարվող ամեն ինչն էներգիա է ստեղծում։ Մտքերը մագնիսի պես են․ ինչպիսին քո տրամադրությունն է, նույնպիսին՝ էներգիան։ Պետք է խաղաղվել, գտնել իմաստ եւ հասկանալ, որ թշնամին կարող է գույքդ խլել, բայց միտքդ՝ երբեք»,- նշեց  ATOP հիմնադիրը։

Ըստ ինքնասպանությունների վիճակագրության՝ 200 երկրների շարքում Հայաստանը 138-րդն է։ ATOP-ի ուսումնասիրություններով՝ մեր երկում ինքնասպանության հիմնական դրդապատճառներն են սոցիալական անապահովությունը, միգրացիայի հետեւանքով ընտանիքների պառակտումն ու լարվածությունը, բռնագաղթը եւ այլն։ Այլ է պատկերը զարգացած եւ հարուստ պետություններում, որտեղ existential vacuum` կյանքի իմաստի կորուստ հասկացությունը լուրջ մտահոգություն է։ Ավելի հաճախ ինքնասպան են լինում բարեկեցիկ կյանքով ապրող, թմրադեղերից եւ ալկոհոլից կախվածություն ունեցողները։ Եվ ինչն է ավելի զարմանալի՝ մեծ թիվ են կազմում բժիշկներն ու հոգեբանները, որոնք դեղամիջոցներ ազատ ձեռք բերելու հնարավորություն ունեն։ Մեկ այլ միտում կա՝ «մոդայիկ» ինքնասպանությունը․ օրինակ՝ ամերիկացի հայտնի կատակերգու դերասան Ռոբին Ուիլյամսի «կամովի» մահն իր հետեւից  ինքնասպանությունների նոր ալիք բերեց՝ մոտ 10 տոկոս աճ։

Անի Գալայջյանը ռիսկերից առանձնացրեց հատկապես ամոթի զգացումը, որը շատ տարածված երեւույթ է հայկական մտածողության մեջ։ «Դիմացինին օգնելը լավագույն մարզանքն է սրտի համար։ Բոլորս մեղսունակ ենք, զգացումները չեն կարող ճիշտ եւ սխալ լինել։ Պետք է օգնել դժվարության մեջ հայտնվածին հաղթահարել վախերը, տխրությունից եւ հիասթափությունից դասեր քաղել»,- ասաց մասնագետը՝ խորհուրդ տալով  փրկարար ուսանողներին իրենց շրջապատում մահվան, զենքի, տարատեսակ թույների, կտակ գրելու մասին խոսակցություններին, անձի վարքի կտրուկ դրական փոփոխություններին լուրջ վերաբերվել։ Դրանք ինքնասպանության հակվածության առաջին նշաններն են։

Բանախոսը ներկայացրեց նաեւ իր 7-քայլանի կենսահոգեսոցիալական եւ բնահոգեկան բուժական մոդելը, որը ներառում է տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի գնահատում, ապրումների արտահայտման խրախուսում, փոխադարձ համակրանք եւ գնահատում, իմաստի հայտնագործման եւ արտահայտման խրախուսում, ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում, բնակենտրոն հոգատարության սերմանում, մարմնական, շնչառական եւ շարժունակոււթյան միջոցով առողջացում։

30 տարի շարունակ կազմակերպությունը տասնյակ երկրներում կամավորներ է վերապատրաստել, որոնք աշխատում են «թեժ» գծերում, թողարկել է մարդածին աղետների հետեւանքով ծանր մտքերը հաղթահարման «Մեդիտացիայի սկավառակը» եւ բազմաթիվ ուսուցողական գրքեր, որոնցից մի քանիսը՝ «Անմոռուկ», «Աղետների եւ զանգվածային վնասվածքների գիրք», «Ներողամտություն եւ հաշտեցում․ հոգեբանական ուղիներ՝ կոնֆլիկտների վերափոխման եւ հաստատման համար», Անի Գալայջյանը նվիրեց ՃԿՊԱ գրադարանին։

ՃԿՊԱ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի հաղորդմամբ՝ ամերիկահայ հոգեբանների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել աղետների հոգեբանության վերաբերյալ համատեղ գիտահետազոտական աշխատանքներ կատարել, փոխանակվել գրականությամբ, կազմակերպել առցանց դասընթացներ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ