Հոկտեմբերի 16-ին եւ 17-ին Բելառուսի հանրապետության Մոգիլեվ քաղաքում կանցկացվի «Արտակարգ իրավիճակներ. նախազգուշացում եւ արձագանք» ութերորդ միջազգային գիտագործնական համաժողովը: Կազմակերպիչը Բելառուսի արտակարգ իրավիճակների նախարարությունն է:

Համաժողովի նպատակն է քննարկել հրդեհային պաշտպանության, վթարների, բնական եւ տեխնածին աղետների ոլորտներում գիտատեխնիկական հաջողությունները, անվտանգության մշակույթի, կենսագործունեության անվտանգության ոլորտներում որակյալ կրթության համակարգ ձեւավորելու հեռանկարները եւ այս ոլորտներում հաջողված փորձի միջազգայնացման աշխատանքների ակտիվացումը:

Համաժողովին զեկույցներ են ներկայացրել նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի

փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը եւ ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Հարություն Ղազարյանի զեկույցի թեման է. «Ժամանակակից ռոբոտներով եւ ռոբոտացված համակարգերով հրդեհաշիջման արդյունավետությունը»: Ըստ հեղինակի, հրդեհավտանգ օբյեկտների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հարկ է ստեղծել սկզբունքորեն նոր հրդեհային տեխնիկա, որը թույլ կտա նվազեզնել կրակի օջախի հայտնաբերման, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգի միացման ժամկետները եւ ապահովել հրդեհների աշխատանքի անվտանգությունը բարձրռիսկային պայմաններում:

Հայկ Ղազարյանի աշխատանքի թեման է. «Հրդեհա-փրկարարական աշխատանքներում օգտագործվող շարժական ռոբոտտեխնիկական համալիրների նկարագրությունը»: Ըստ հեղինակի, օրեցօր ավելի ու ավելի տեսանելի է դառնում մարդու առօրյա կյանքում ռոբոտտեխնիկական շարժական համալիրների կիրառտությունը՝ սկսած արդյունաբերությունից: Ռոբոտտեխնիկայի ամենաարագ զարգացող ուղղությունը հենց շարժական համալիրներն են: Այս տեխնիկան կարող է ոչ միայն հրդեհաշիջում իրականացնել, այլ նաեւ՝ շուրջօրյա հսկողություն, հետախուզում, իրավիճակի օպերատիվ գնահատում եւ այլն:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ