2019 թվականի հոկտեմբերի 14-21-ը Հայաստանում անցկացվող առաջին «Ավրորա» ֆորումի շրջանակներում, հոկտեմբերի 16-18-ը անցկացվում է երկրորդ «Գլոբալ ինովացիոն ֆորումը» (Global Innovation Forum GIF)` GIF19-ը: Ֆորումի խորագիրն է՝ «Վերափոխելով բանականությունը»: GIF19-ը բացառիկ հարթակ է, որտեղ մեկտեղվում են Հայաստանի, այլ պետությունների հայ եւ օտարազգի գիտնականների միտքը, փորձն ու հմտությունները՝ կերտելու գիտատեխնոլոգիական փոխակերպումների ապագան: GIF19-ին մասնակցում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը, գործերի կառավարիչ Արտավազդ Հովհաննիսյանը:

Արհեստական բանանականությունն ու նորարարական տեխնոլոգիաներն անհրաժեշտ են ավելի լավ, զարգացած, կայուն աշխարհ ունենալու համար, արձանագրվեց հենց սկզբում: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, «Ավրորա» ֆորումի համահիմնադիր, Flagship Pioneering ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու այլ բանախոսներ ընդգծեցին գիտատեխնոլոգիական զարգացման կարեւորությունը: Նուբար Աֆեյանն կիսվեց իր հաջող փորձով. ոչ թե սպասել գիտական հայտնագործությունների, այլ ամեն ինչ սկսել. «Իսկ եթե՞…» հարցով, գիտության փոխարեն առաջնորդվել գիտաֆանտաստիկայով, փորձել գիտական մտքի միջոցով ստանալ այն ինչ պետք է: Արդյունքում ֆանտաստիկան կհեռանա, կմնա գիտությունն ու խելամիտ մարդկանց խելամիտ գործողություններով կստանաս ոչ ստանդարտ, արտառոց լուծում: Մեկ այլ բանախոս նույնն ասաց այլ բառերով. «Ով եմ ես հարցի փոխարեն տվեք՝ ինչպիսին եմ ուզում լինել հարցը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց. տեխնոլոգիաները ազատում են մարդու ձեռքերն ու դրանով նաեւ միտքը ու մտածելու հնարավորություն տալիս, արհեստական բանականությունը ազատում է մարդու միտքը ու մտածելու ավելի մեծ հնարավորություն տալիս:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ