Տեղեկացրել ենք, որ Եվրոպական միության Թվինինգ ծրագրով Հայաստանում կիրականացվի «Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագիրը: Բյուջեն՝ մեկ միլիոն եվրո:

Ծրագրի շրջանակներում, Հայաստան են այցելել տարբեր փորձագետներ: Այս օրերին Երեւանում է փորձագետների հերթական խումբը՝ այս անգամ Շվեդիայից. Կայսա Նորդմարկ՝ պատվիրակության ղեկավար, հումանիտար աջակցության եւ աղետների արձագանքման ծրագրի ներկայացուցիչ, Անաստասիա Էզերեթս՝ մարդկային ռեսուսրների կառավարման պատասխանատու, Լեյֆ Անդրեն՝ Շվեդիայի փրկարար ծառայության աշխատակից:

Նրանք արդեն հանդիպել են ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավարությանը, իսկ հոկտեմբերի 9-ին այցելել էին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա: ՃԿՊԱ տեխնիկական հագեցվածությանը ծանոթանալուց հետո, փորձագետները եւ ՃԿՊԱ ղեկավարությունը քննարկեցին ակադեմիայի գործունեությանը վերաբերող հարցեր. ինչպես է կազմակերպվում հրշեջ-փրկարարների կրթությունն ու վերապատրաստումը, ինչ ծրագրով են վերապատրաստվում հրշեջ-փրկարարներն ըստ մասնագիտության՝ վարորդ, ջրափրկարար կամ ջոկատի հրամանատար, ինչպես է որոշում ում ինչ ծրագրով վերապատրաստել:

Հյուրերը տեղեկացան, որ ՃԿՊԱ ղեկավարությունը ներկա է լինում փրկարար ծառայության բոլոր խորհրդակցություններին եւ քաջատեղյակ է բոլոր խնդիրներին: Ակադեմիան ունի բարձրակարգ դասախոսական կազմ, որոնք ոչ միայն կրթում եւ վերապատրաստում են, այլ հենց իրենք են պարբերաբար վերապատրաստվում: ՃԿՊԱ ղեկավարությունը դեմ չէ, որ դրսի մասնագետները վերապատրաստեն մեր դասախոսներին եւ նրանց հետ համատեղ փրկարարների վերապատրաստման դասընթացներ իրականացնեն:

«Քաղաքացիական պաշտպանության ընդլայնում» ծրագրով առաջարկվում է աշխատել երեք ուղղությամբ. զարգացնել քաղաքացիական պաշտպանության իրավական դաշտը եւ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության իրականացման կարողությունները, աջակցել ծրագրի մարզային եւ համայնքային շահառուների պարտականությունների ճիշտ բաշխմանը եւ կարողությունների ընդլայնմանը, աջակցել մարդկային ռեսուրսի կարողությունների արդյունավետ զարգացմանը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ