Տեղեկացրել ենք, որ նոյեմբերի 12-14-ը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կանցկացվի «Աղետների ռիսկի կառավարման արդիական հարցեր» խորագրով միջազգային գիտաժողով:

Գիտաժողովը նպատակաուղղված է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության ոլոր­տի զարգացման հեռանկարներին, աղետների ռիսկի կառավարման արդիական հարցերին, բնածին, տեխնածին, սոցիածին եւ այլ վտանգներից պաշտպանության հարցերով բնակչության ուսուց­մանը, բնակչության շրջանում անվտանգության մշակույթի ձեւավորմանը, ճգնաժամային կա­ռավարման հիմնախնդիրներին:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կներառվեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանությանն ու քաղաքացիական պաշտպանությանը առնչվող մասնագիտական 3 սեկցիայում՝ կառավարում եւ տնտեսագիտություն, տեխնոլոգիաներ, գիտամեթոդական հիմնախնդիրներ: Միջազգային գործընկերները գիտաժողովին կարող են մասնակցել նաեւ առցանց:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտ եւ ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am: Ներկայացվելիք զեկուցման ամբողջական տարբերակը՝ սկանավորված երաշխավորագրի հետ միասին, անհրաժեշտ է ուղարկել ակադեմիայի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@cmsa.am, կամ ներկայացնել ակադեմիա (Երեւան — 40, Աճառյան 1, 2-րդ հարկ, 217 սենյակ) մինչեւ հոկտեմբերի 15-ը:

Գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն ակադեմիայի «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական հանդեսի հերթական համարում: Հանդեսն ընդգրկված է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն որակավորման կոմիտեի համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցանկում: