Սեպտեմբերի 14-ին Չարենցավանի համայնքապետարանի նախաձեռնությամբ համայնքի քաղաքային մարզադաշտում անցկացվեց ամենամյա մարզական փառատոն՝ վազք, բազկամարտ, ըմբշամարտ, մինի ֆուտբոլ, կշռաքարերի բարձրացում, շախմատ եւ նարդի մարզաձեւերում։

Միջոցառումը մեկնարկեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, Գինեսի եւ հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիր, եռամարտի աշխարհի չեմպիոն Յուրի Սաքունցի ելույթով։ Չարենցավանցի մարզիկը գլխիվայր, ատամների օգնությամբ տեղափոխեց 16 կգ-ոց կշռաքարը։  Կազմակերպվել էր նաեւ համերգային ծրագիր՝ քաղաքի արվեստի դպրոցի եւ պարային խմբերի մասնակցությամբ։

Յուրին ուրախությամբ մատնանշում է Չարենցավանի սպորտային մեծ ներուժը։ Քաղաքը տասնյակ տարիներ անվանի մարզիկներ է ներկայացրել աշխարհին, որոնց փորձում է նմանվել այսօրվա սերունդը։  Շուտով կբացի նոր մարզադպրոց, կստեղծվեն հարմարավետ պայմաններ պարապմունքների համար։  Գրեթե մեկ տարի Յուրին Երեւանում մարզիչ է աշխատում, սակայն մեծ է պատրաստականությունը իր փորձն ու գիտելիքը հարազատ համայնքում իրացնելու։

Մեկ ամիս առաջ չարենցավանցի մարզիկներն աչքի էին ընկել Համահայկական 7-րդ ամառային խաղերի ժամանակ՝ դառնալով աշխարհի հայերին միավորող նախաձեռնության մի մասը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ