Սեպտեմբերի 12-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում կայացավ գիտական խորհրդի հերթական նիստը։

Օրակարգային կարեւոր հարցերից էր ՃԿՊԱ-ի՝ ինստիտուցիոնալ ենթակառուցվածքային հավատարմագրման գործընթացը, որն իրականացնելու է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը։ Պայմանական հավատարմագրման ժամկետը լրանալուց հետո ակադեմիան երկրորդ դիմումն է ներկայացրել։ Կնքվել է երկկողմ պայմանագիր, որի շրջանակում նախատեսվում է բուհի գործունեության ինքնավերլուծություն 10 չափանիշով՝ առաքելություն եւ նպատակներ, կառավարում եւ վարչարարություն, մասնագիտական կրթական ծրագրեր, ուսանողներ, արտաքին կապեր եւ միջազգայնացում, որակի ապահովման ներքին համակարգ եւ այլն,  ՈԱԱԿ փորձագիտական  խմբի այցելություն ակադեմիա։

Քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչիկ Բրուտյանը ներկայացրեց հավատարմագրմանն ընդառաջ տարված աշխատանքները։  Նոր ինքնավերլուծություն մշակելիս հաշվի են առնվել ՈԱԱԿ մասնագետների՝ նախկինում մատնանշած թերությունները։

Բանախոսի դիտարկմամբ՝ ակադեմիան բավական զարգացում է ապահովել առաջին հերթին կրթական ծրագրերի փոփոխության հարցում։ Կարեւորելով ողջ ուսումնառության ընթացքում ուսանողի ձեռք բերած համալիր գիտելիքը՝ որոշ առարկաներ մասնագիտական խոր ուսումնասիրության են ենթարկվել։ Այժմ ակադեմիայում գործում է նաեւ հետազոտողի ինստիտուտը։

Ուսումնական գործընթացին ուսանողների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար առաջին անգամ անցկացվել է ֆակուլտետի խորհրդի նիստ, որին ներկա են եղել մեծ թվով ուսանողներ․ վերջիններս հանդես են եկել սեփական առաջարկներով։ Որակի ապահովման կենտրոնը ներդրել է անանուն հարցումների համակարգը մասնավորապես արտադրական պրակտիկայի եւ պետական քննությունների ավարտին, ինչն արտացոլում է ուսանողների օբյեկտիվ վերաբերմունքն ուսման կազմակերպմանը։

Այս ամենով հանդերձ՝ դեռեւս բավարար չեն միջբուհական փորձի փոխանակման ծրագրերն ու օտարերկրյա մասնագետներին ակադեմիա հրավիրելու հնարավորությունները։

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ–մայոր Համլետ Մաթեւոսյանը, խոսելով կազմակերպչական եւ անվտանգության մշակույթի ձեւավորման հարցերում ուսանողական խորհրդի ունեցած դերի մասին, հանդիպմանը ներկա ուսանողներին կոչ արեց իրենց իսկ նախաձեռնությամբ վերապատրաստում կազմակերպել նախակրթարաններում եւ հատուկ խնամքի  հաստատություններում, ձեւավորել կամավոր փրկարար ջոկատ։

Քննարկվեց եւ հաստատվեց նոյեմբերին  «Աղետների ռիսկերի կառավարման արդի հարցեր» խորագրով հեռավար միջազգային կոնֆերանս անցկացնելու նախաձեռնությունը, որին կմասնակցեն ՃԿՊԱ գործընկերները Ռուսաստանի Դաշնությունից, Ֆրանսիայից, Նիդերլանդներից եւ Ճապոնիայից։ Նախատեսվում են բազմաբնույթ զեկույցներ։

ՃԿՊԱ ուսումնական գծով պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը գիտխորհրդի անդամների հաստատմանը ներկայացրեց կրեդիտային համակարգով ուսուցման ուղեցույցը, որում շահառուները կարող են գտնել անհրաժեշտ փաստաթղթեր եւ իրավական ակտեր ուսումնական գործընթացի կազմակերպման, գիտելիքի գնահատման եւ բողոքարկման կարգի, ուսանողների իրավունքների եւ պարտականությունների, ուսուցման վճարի փոխհատուցման եւ այլ հարցերի վերաբերյալ։

Նիստի ընթացքում կայացավ նաեւ ամբիոնի վարիչի ընտրություն փակ քվեարկությամբ։ Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ ՃԿՊԱ-ի համագործակցությամբ հուլիսի 3-4-ն անցկացված վերապատրասման դասընթացի 15 մասնակից ստացան հավաստագրեր։ Իսկ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոս Արայիկ Գասպարյանը ռեկտորի որոշմամբ պարգեւատրվեց պատվոգրով՝ մասնագիտական եւ ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, բարեխիղճ աշխատանքի եւ 60-ամյա հոբելյանի կապակցությամբ։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ