Օգոստոսի 28-ին Ստեփանավանում անցկացվեց ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ բակալավրի ընդունելության քննություն, որի արդյունքներով 30 դիմորդ համալրեց ապագա փրկարարների շարքը։ Նույն օրը ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը եւ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանը հանդիպեցին երկու մասնագիտությունների գծով միջին մասնագիտական կրթական ծրագրի 30 ուսանողի եւ նրանց ծնողներին։

Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով՝ քոլեջի դիմորդների թիվն ավելացել է։ Եթե նախկինում ակադեմիայի գործունեության մասին տեղեկությունը տարածվում էր մարզային հեռուստատեսության միջոցով, այս տարի գովազդի կարիք չեղավ: Ընդունելության հայտագրման առաջին իսկ օրվանից բազմաթիվ հարցումներ են ստացվել։

«Ունենք ուսանողներ ոչ միայն Ստեփանավանից, այլեւ հարակից Տաշիր, Կուրթան, Գարգառ եւ այլ համայնքներից։ Փորձը ցույց տվեց, որ դպրոցներում պատանի հրշեջ-փրկարարների մեծ մասը հետագայում հենց այս մասնագիտությունն է ընտրում։ Այս տարին նաեւ աննախադեպ է նրանով, որ քոլեջի շրջանավարտների 90 տոկոսը դիմել է ակադեմիայում բարձրագույն կրթություն ստանալու համար»,- ամփոփեց Արմեն Առաքելյանը։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ