Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կառույցներից է Մանկապատանեկան հանրապետական կենտրոնը, որի մասն են հանրակրթական հաստատություններում գործող պատանի տուրիստների, երկրաբանների, հրշեջ-փրկարարների, բնասերների եւ այլ խմբակները։  

Լոռու մարզի Գարգառ գյուղին հարակից անտառային հատվածում ուսումնամարզական հավաքից հետո օգոստոսի 1-7-ն անցկացվեցին հանրապետական մրցումներ Երեւանի եւ մարզերի 14 լավագույն թիմերի միջեւ։ Մրցավարական կազմում էին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը, փրկարարական ֆակուլտետի դեկան, փ/ծ գնդապետ Ռադիկ Մխիթարյանը, նույն ֆակուլտետի փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը։ 

16 հոգուց բաղկացած յուրաքանչուր թիմ իր կարողությունները ցուցադրեց «Սպորտային կողմնորոշում», «Կենցաղի կազմակերպում», «Տուրիստական տեխնիկա», «Առաջին օգնություն» մրցաձեւերում, եղան նաեւ հայրենագիտության, խոհարարության, գեղարվեստական ինքնագործունեության մրցույթներ։ Ընդհանուր հաշվարկով հաղթող ճանաչվեցին Վայքի, Սեւանի եւ Դիլիջանի թիմերը։ 

Գլխավոր մրցավար Գեւորգ Հովակիմյանի խոսքով՝ այս տարի առաջին անգամ մրցումներում չեն ընդգրկվել ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանողներ՝  անաչառության սկզբունքը պահպանելու նպատակով։ 

Վրանային ճամբարի առօրյան հագեցած է եղել՝ խարույկի շուրջ երեկոներ, երգ, ասմունք, քայլարշավ դեպի Դենդրոպարկ եւ Պուշկինի լեռնանցք, որտեղ 1829 թվականին Էրզրում ճանապարհորդելիս Ալեքսանդր Պուշկինը հանդիպել է ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի աճյունը տեղափոխողներին։ Մասնակիցները ծանոթացել են հանդիպման վայրում կառուցված աղբյուր-հուշարձանին։ «Նման միջոցառումներն առաջին հերթին երեխաներին ինքնուրույն են դարձնում, սովորեցնում ապրել վրաններում, կազմակերպել իրենց կենցաղը։ Արշավելու եւ թիմում աշխատելու կամքից բացի՝ նրանց մեջ ծնվում է սեր դեպի բնությունը, հուշարձանները։ Եվ ամենակարեւորը՝ Հայաստանի տարբեր  համայքների  դպրոցականների միջեւ ստեղծվում է իսկական բարեկամություն»,- հպարտությամբ նշեց պրոռեկտորը։ 

Նախորդ տարիների պես այս անգամ էլ թիմերում գերակշռում էին տղաները։ Գեւորգ Հովակիմյանը նկատեց՝ տարեցտարի ավելանում է աղջիկ խմբավարների թիվը, որոնք ջանք չեն խնայում ճամբարականների հետաքրքիր ու անվտանգ հանգիստն ապահովելու համար։ 

Անդրադառնալով փրկարարական գիտելիքներին՝ հանրապետական մրցավարը հավելեց՝ երեխաները հմտորեն հաղթահարում էին ուսապարկի հավաքման, վրանի տեղադրման, պարաններով գետնանցի եւ տուժածի տեղափոխման դժվարությունները։ Միակ խնդիրը դպրոցներում գույք-հանդերձանքի պակասն է, որը համալրելու դեպքում մենք ապագայում փրկարարի հոգեբանությամբ երիտասարդներ կունենանք։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Գեւորգ Հովակիմյանը