Օգոստոսի 15-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան հյուրընկալեց Միացյալ ազգերի կազմակերպության աղետների գնահատման եւ համակարգման ՄԱԿ-ի  միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) ԱՊՀ ներկայացուցիչ  Ռոբերտո Կոլանգելոյին եւ Կովկասում մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի աղետներին արձագանքման գծով ազգային խորհրդական Նինո Լորտկիպանիձեին։ Այցի նպատակն էր ծանոթանալ 2020 թ .  սեպտեմբերի 1-4-ը կայանալիք INSARAG –ի արտաքին վերաորակավորման քննությանն ընդառաջ տարվող աշխատանքներին։ 

Նինո Լորտկիպանիձեն նշեց, որ Հայաստանն ինտելեկտուալ մեծ պոտենցիալ ունի եւ կարող  է օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար։ 

Հանդիպման ընթացքում հնչեցին զեկույցներ, մասնավորապես՝ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը ներկայացրեց ակադեմիայի հիմնադրման պատմությունը, արտակարգ իրավիճակների հարցերով տարբեր գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, պետական կառույցների աշխատակիցների եւ փրկարար ծառայողների վերապատրաստման ծրագրերը, ակադեմիայում բարձրագույն կրթության հորիզոնները, ՃԿՊԱ-ի եւ միջազգային կազմակերպությունների համագործակցությունը եւ այլն։ Հյուրերին հետաքրքրեց հատկապես բնակչության ուսուցման հարցում ակադեմիայի որդեգրած քաղաքականությունը, այն է՝ ԱԻ վերաբերյալ բովանդակային հարցերն ինտեգրել հանրակրթական դպրոցների տարբեր առարկաների շրջանակում։ Բացի դրանից՝ քննարկվեց Հայաստանում միջուկային եւ ճառագայթային անվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերը, աղետի դեպքում պատասխանատու մարմինների եւ բնակչության պատրաստվածությունը։ 

Պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Գեւորգ Հովակիմյանը խոսեց հայկական ՔՈՓ եւ տեղական արագ արձագանքման չորս թիմերի կազմի, տեսական եւ գործնական պարապմունքների, վարժանքների անցկացման ընթացակարգի եւ ոլորտում առկա խնդիրների մասին՝ տեխնիկայի, մարդկային ռեսուրսների համալրում եւ այլն։ Կարեւոր դիտարկումներից էր հետախուզական խմբերի վիրտուալ հաղորդակցության հմտությունների կատարելագործումը, որը շարունակական բնույթ է կրում։ 

Փրկարարարական ֆակուլտետի փրկարարական ամբիոնի վարիչ, փ/ծ գնդապետ Կարեն Զիրաքյանը ներկայացրեց INSARAG-ի վերաորակավորմանն ընդառաջ իրականացվող 36-ժամյա դաշտային վարժանքի կազմակերպման եւ անցկացման կարգը։ 

Հյուրերը շրջեցին ՃԿՊԱ գրադարանում, ծանոթացան փրկարարական գույք-հանդերձանքին։ 

INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմի քաղաքական պատասխանատու, ԱԻՆ փրկարար ծառայության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանի խոսքով՝ պատվիրակներն ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման ընթացքում առաջարկել են հայտ ներկայացնել ծանր թիմի վերաորակավորման համար։  Սակայն, ներկայացուցչի խոսքով, այս քայլին դիմելու համար նախեւառաջ մի շարք խնդիրներ պետք է լուծել։ «Հասկանում ենք, որ պետք է գույքը կրկնապատկել, զարգացնել կառավարման հմտություններ, քանի որր ծանր թիմը դեպքի վայրում դառնում է տվյալ տարածքի ղեկավար։ Ջոկատներում օտար լեզվի իմացության խնդիր կա, որին այժմ մեծ ուշադրություն է դարձվում։ Պետք է գտնենք իսկապես խելացի մասնագետներ եւ հնարավորություն տանք նրանց ծառայելու բնակչությանը։ Եթե մեծ ռիսկեր չունենանք, ամենայն հավանականությամբ 2025 թվականին կարող ենք դիմել որպես ծանր թիմ վերաորակավորման համար»,- նշեց Հովհաննես Եմիշյանը եւ հավելեց, որ INSARAG-ի քարտուղարությունում համակարգային փոփոխություններ են նախատեսվում, կստեղծվեն տարածաշրջային կենտրոններ։ Դրանցից մեկը կարող է դառնալ Հայաստանը։ 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ