Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի հիմնական առաքելությունն է գիտելիքի ստեղծումը, փոխանցումը եւ տարածումը կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում, ինչպես նաեւ անվտանգության մշակույթի ձեւավորումը քաղաքացիական պաշտպանության ու արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում:

Ակադեմիան իրականացնում է՝

3 մասնագիտությունների գծով բակալավրի (առկա եւ հեռակա ուսուցմամբ)  7 կրթական ծրագիր՝ 

  • Կառավարում/ըստ ճյուղերի
  • Տրանսպորտային եւ հրշեջ-փրկարար հատուկ տեխնիկայի շահագործում եւ սպասարկում
  • Հրդեհային պաշտպանություն
  • Փրկարարական գործ
  • Քաղաքացիական պաշտպանություն
  • Անվտանգություն արտակարգ իրավիճակներում
  • Հրդեհային անվտանգություն

5 մասնագիտությունների գծով  մագիստրոսի (հեռակա ուսուցմամբ) 5 կրթական ծրագիր՝

  • Ճգնաժամային կառավարում
  • Փրկարարական գործ
  • Հոգեբանություն
  • Կիրառական սեյսմոլոգիա
  • Նախնական զինվորական պատրաստություն

3 մասնագիտությունների գծով հիմնական, ընդհանուր եւ միջնակարգ (լրիվ) կրթության հիմքով միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ 

  • Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում
  • Կառավարում արտակարգ իրավիճակներում
  • Հրդեհային պաշտպանություն

Հետբուհական կրթություն (հայցորդություն)․ ՀՀ ԿԳՆ Բարձրագույն որակավորման կոմիտեն 2019 թվականից թույլատրել է ՃԿՊԱ-ին հաստատելու ատենախոսության թեմաներ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ:

Տարեսկզբին Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրերի Հայաստանի գրասենյակը հանդես է եկել առաջարկով ՃԿՊԱ-ում ներդնել նաեւ առցանց կրթության նոր ձեւաչափ՝ KAICIID միջկառավարական կազմակերպության հետ համատեղ։ Այս կազմակերպությունը մասնագիտացած է միջկրոնական, միջտարածաշրջանային, միջմշակութային երկխոսություններ վարելու գիտելիքներ եւ հմտություններ ձեւավորելու համար առցանց հարցաշարեր, կրթական ծրագրեր առաջարկելու հարցում: Նպատակը՝ կանխել հակամարտությունները, նպաստել աղետների ռիսկի նվազեցմանը: KAICIID-ի առցանց կրթական ծրագրերը հաջողությամբ յուրացրած մասնագետը ստանում է վկայական, որը ճանաչում են ծրագրի մշակմանը մասնակցած բոլոր երկրները, ինչպիսիք են  Կանադան, Իսպանիան եւ Լիբանանը: Ուսանողական կրթական ծրագրի տեւողությունը նախատեսվում է 3-3,5 ամիս։  

Արտադրական պրակտիկան ակադեմիայի ուսումնական ծրագրերի կարեւոր բաղադրիչն է։  Կառույցների եւ կազմակերպությունների շրջանակը տարեցտարի ընդլայնվում է՝ ՀՀ ազգային ժողով, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակ, Երեւանի մետրոպոլիտեն, «Զվարթնոց» օդանավակայան,  Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ (ԱՌՆԱՊ) հիմնադրամ, Հայաստանի ատոմային էլեկտրակայան եւ այլն։ Ուսանողներին հնարավորություն է ընձեռվում տարբեր միջազգային  դասընթացների մասնակցել, իսկ բարձր առաջադիմություն ունեցողներն ավարտելուց հետո աշխատանքի են անցնում Արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումներում։ 2018-2019 ուսումնական տարվա 231 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագիրն ավարտածների գրեթե կեսը՝ մոտ 80 հոգի, արդեն իսկ ԱԻՆ համակարգի ծառայող էր։ Այս տարվա հունվար ամսից մինչ օրս աշխատանքի է անցել ակադեմիայի 14 շրջանավարտ՝  ԱԻՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի, Արագածոտնի մարզային եւ Երեւան քաղաքի փրկարարական վարչություններում, Փրկարարական ուժերի վարչությունում, Արաբկիրի, Նոր Նորքի, Արթիկի, Ճամբարակի, Աբովյանի, Եղվարդի հրշեջ-փրկարարական եւ Սեւանի հատուկ ջրափրկարարական ջոկատներում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում։ 

Մարդկային բարձր արժանիքների եւ մասնագիտական որակի  համար ՃԿՊԱ նախկին սաները՝ ներկայիս փրկարար ծառայողները, բազմիցս խրախուսվել են ԱԻ նախարարի եւ տարբեր պետական կառույցների կողմից։