Օգոստոսի 12-ին Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում մեկնարկեց բակալավրի կրթական ծրագրի առկա եւ հեռակա ուսուցմամբ 6 մասնագիտություններով ընդունելության քննությունը, որին մասնակցեց մոտ 150 դիմորդ ամբողջ հանրապետությունից եւ Արցախից: ՃԿՊԱ պրոռեկտոր Հայկանդուխտ Ղարիբյանի խոսքով՝ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի շատ են դիմորդները Սյունիքի մարզի Կապան, Գորիս եւ Մեղրի քաղաքներից, Գյումրիից:

Ապագա ուսանողներին ողջունեց եւ քաջալերեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հարությունյանը, իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ- մայոր Համլետ Մաթեւոսյանը հավելեց, որ անկախ մասնագիտական ընտրությունից՝ ակադեմիայում բոլորը կոփվում են փրկարարի հոգեբանությամբ:

Հարություն Հազեյանը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի ուսանող է, որոշել է շարունակել ուսումը սիրելի մասնագիտությամբ: Ասում է՝ քոլեջի տարիներին բավական գիտելիք է ձեռք բերել, այժմ ակնկալում է բազմակողմանիորեն զարգացնել մասնագիտական հմտությունները, հատկապես՝ պրակտիկ պարապմունքների միջոցով:

17-ամյա Մարիամ Փանոսյանը փրկարարների գործունեությանը ծանոթ է հեռուստատեսային հաղորդումներից: Պատանին էքստրեմալ սպորտի սիրահար է, փրկարարի աշխատանքի դժվարություններից չի վախենում:

22-ամյա Հայկ Ֆրոլովն ավարտել է Աշտարակ քաղաքի Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի «Մենեջմենտ» բաժինը, ապա՝ աշխատել արտերկրում: Ընկերոջ խորհրդով որոշել է ակադեմիայում երկրորդ մասնագիտություն ձեռք բերել եւ աշխատանք գտնել հայրենիքում:

19–ամյա Լիլիթ Պառավյանը մասնագիտությամբ դերասանուհի է, դեռ դպրոցական տարիներից հետաքրքրվում է քաղաքացիական պաշտպանությամբ: Լիահույս է, որ ակադեմիայում ընկերներ կգտնի, եւ միասին կվայելեն ուսանողական  կյանքը:

Քննության արդյունքները հայտնի կդառնան օգոստոսի 13-ին: Բակալավրի կրթական ծրագրի հայտադիմումների ընդունումը կշարունակվի մինչեւ օգոստոսի 29-ը, իսկ 3 մասնագիտություններով («Ճգնաժամային կառավարում», «Փրկարարական գործ», «Հոգեբանություն») մագիստրոսական կրթական ծրագրինը՝ մինչեւ սեպտեմբերի 10-ը:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ