Օգոստոսի 5-ին Արցախում մեկնարկեցին Համահայկական 7-րդ ամառային խաղերը։ Բացման արարողությունն ու մրցումային երեք օրերն անցկացվեցին Ստեփանակերտում։ Հայտագրվել են 35 երկրի եւ 161 քաղաքի  պատվիրակություններ, թվով՝ ավելի քան 5000 հոգի։ Համահայկական խաղերի քսանամյա պատմության մեջ առաջին անգամ այս տարի ընդգրկվել են Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ, Իրաքի Բաղդադ եւ Չեխիայի Պրահա քաղաքները։ Մասնակիցները կմրցեն 17 մարզաձեւում։

Բացման արարողության ժամանակ հարազատ Չարենցավանի թիմի կողքին էր պատվիրակության անդամ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ուսանող, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Գինեսի եւ հայկական «Դյուզազնագրքի» ռեկորդակիր Յուրի Սաքունցը։ Չարենցավանցի մարզիկները հանդես կգան ֆուտբոլ, շախմատ, հրաձգություն եւ թեթև ատլետիկա մարզաձևերում։

Յուրին կարեւորեց նմանատիպ սպորտային միջոցառումները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով, որ համակարգիչների ու նորարարական տեխնոլոգիաների ֆոնին երիտասարդների շրջանում նվազել է սպորտի հանդեպ հետաքրքրությունը։ «Սպորտային դաստիարակությունը պետք է մանկապարտեզից եւ դպրոցից սկսել։ Դրանով երկու գերխնդիր կլուծենք՝ կունենանք առողջ զինվորներ ու մայրեր, կսերմանենք հայրենասիրություն եւ սեր դեպի պետական խորհրդանիշները։ Սպորտը ոչ միայն աշխատասիրություն ու  դժվարությունները հաղթահարելու կամք է ձեւավորում, այլեւ կանխում հանցագործությունները, պատանիներին կտրում փողոցից»,- նշում է բազմափորձ մարզիկը։

Արցախում անցկացրած երեք օրերի ընթացքում Յուրին իր թիմի շրջել է Շուշիի տեսարժան վայրերով, հանդիպել սպորտային ընկերներին, նոր կապեր հաստատել արտերկրում ապրող հայ մարզիկների հետ։

Օգոստոսի 9-17-ը մրցումները կշարունակվեն Երեւանում։ Խաղերի անցկացման ժամանակացույցը՝ այստեղ։

Փակման արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին Երեւանի Ազատության հրապարակում։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Յուրի Սաքունցը